Բաժիններ՝

Արթուր Պետրոսյանը վստահ է, որ Հայաստանում Դանիային հեշտ չի լինելու

Սեպտեմբերի 3-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և կիսապաշտպան Արտակ Եդիգարյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Արտակ Եդիգարյանը նշում է, որ փորձելու են առավելագույնս վերականգնվել, որպեսզի կարողանան լավ հանդիպում անցկացնել Դանիայի դեմ:

Հավաքականում և ակումբում խաղալու արդյունավետության մասին խոսելիս Արտակ Եդիգարյանը նշում է, որ այդ խաղերը շատ են տարբերվում իրարից:

«Հայաստանի առաջնությունը չի կարելի համեմատել նման մակարդակի խաղերի հետ: Բացի դրանից, հավաքականում և ակումբում տարբեր դիրքերում եմ խաղում։ Չեմ կարծում, թե տարբերություն կա, քանի որ ամեն խաղին էլ փորձում եմ առավելագույնս ներդնել ուժերս»:

Արթուր Պետրոսյանի խոսքով՝ վաղը հավաքականը խաղալու է հաղթանակի համար:

«Իմ կարծիքով նախորդ խաղում մինչև կարմիր քարտը մենք կարողանում էինք և լավ պաշտպանվել, և լավ գրոհներ կազմակերպել: Կարմիր քարտից հետո արդեն մենք փոխեցինք մեր խաղային մարտավարությունը և սկսեցինք խաղալ չորս պաշտպանով: Ինչ վերաբերում է Տարոն Ոսկանյանին, ապա, իհարկե, դա մեծ հարված է մեզ համար, մանավանդ որ Հրայր Մկոյանը նույնպես բացակայում է: Պաշտպանների պակաս ունենք, բայց կփորձենք լուծում գտնել:

Մոտավորապես 40 րոպե խաղում էինք 10 հոգով, և մրցակիցն անընդհատ ճնշում էր մեզ: Եթե հիշում եք, ես խաղի մեջ նոր պաշտպաններ չմտցրի, այլ հարձակվողներ դուրս բերեցի խաղադաշտ, քանի որ թիմին ուզում էի ցույց տալ, որ անգամ տասը հոգով մենք չենք դուրս եկել դաշտ ամբողջ կազմով պաշտպանվելու: Հոգեբանական առումով շատ կարևոր է, որ թիմը հասկանա, որ թեկուզ տասը հոգով մենք դեռ շանսեր ունենք: Այդուհանդերձ, վերջին րոպեների գնդակներն իմ կարծիքով հոգեբանական հարց է: Ամեն կերպ փորձում ես պահել ունեցածդ, մի պահ չես հասցնում և հակառակորդը խփում է այդ գնդակը»:

Արթուր Պետրոսյանը խոսել է նաև առանձին ֆուտբոլիստների խաղի մասին:

«Գրիգոր Մելիքսեթյանը շատ բարձր մակարդակի խաղ անցկացրեց, բայց դա մի խաղ էր, հուսամ՝ նույն ձև կշարունակի: Տիգրանը մեծ ծավալի աշխատանք տարավ, ու եթե մենք հնարավորություն ունենայինք ևս մեկ փոխարինում անցկացնելու, ապա Տիգրանին կփոխարինեինք: Սարգիս Ադամյանն էլ իմ կարծիքով կարող է մեր թիմին օգնել: Ես նայում եմ նրա մասնակցությամբ բոլոր հանդիպումները երկրորդ Բունդեսլիգայում: Իր թիմում նա այլ դիրքում է հանդես գալիս, բայց իր՝ դաշտում անցկացրած 20 րոպեների ընթացքում նա լավ խաղաց: Կարծում եմ՝ նա մեզ հետագայում շատ կօգնի:

Գաելը երկար ժամանակ չի խաղացել, իսկ հիմա մի շաբաթ մեզ հետ մարզվեց: Եթե մենք այդ դիրքում խնդիրներ չունենայինք` նա չէր խաղա, բայց հիմա կարելի է այդ մասին մտածել:

Գոռ Մալաքյանը մկանային խնդիրներ ուներ, դրա համար էլ փոխարինվեց: Իմ կարծիքով նա չի հասցնի վերականգնվել:

Հենրիխը շատ լավ խաղ ցուցադրեց, ահռելի աշխատանք տարավ, և եթե նայեք վիճակագրությունը, ապա կտեսնեք, որ նա ամենաշատն է աշխատել և վազել: Բնականաբար, ամեն խաղում մենք նրանից սպասում ենք երեք գոլային փոխանցում և երկու գոլ, բայց սա թիմային խաղ է. Հենրիխը պիտի թիմին օգնի, իսկ թիմը՝ նրան»:

Խոսելով առաջիկա խաղի մասին՝ Արթուր Պետրոսյանը նշում է, որ թիմը հոգեբանորեն վերականգվել է ծանր պարտությունից հետո, բայց ֆիզիկական առումով` դեռ պարզ չէ:

Վաղը կորոշվի, թե թիմը ինչ մարտավությամբ կխաղա:

«Մենք խաղալու ենք հաղթանակի համար, սեփական հարկի տակ, փորձելու ենք ձգտել հաղթանակի: Իհարկե, մեզ մոտ մի փոքր հիասթափություն կա, իսկ իրենք Լեհաստանի դեմ տարած հաղթանակից հետո հոգեբանորեն ավելի լավ վիճակում են գալու, բայց ինչպես գիտեք, Դանիան Հայաստանում հեշտ խաղեր չի ունեցել և ես վստահ եմ, որ վաղն էլ է այդպես լինելու»:

Օրերս Արթուր Պետրոսյանը նշել էր, որ ճանապարհ ունի անցնելու թիմի հետ:
«Իմ պայմանագիրը մինչև հոկտեմբերի 15-ն է նախատեսված: Պարոն Հայրապետյանը ինձ ցանկանում էր երեք տարվա պայմանագիր առաջարկել, բայց ես չգիտեի, թե ոնց է ստացվելու իմ աշխատանքը հավաքականում, այդ իսկ պատճառով էլ զգուշորեն մոտեցա հարցին: Մենք դեռ ժամանակ ունենք ՀՖՖ նախագահի հետ այդ հարցը քննարկելու: Եթե ամեն ինչ լավ ստացվի՝ ես ևս երկու տարվա պայմանագիր կկնքեմ և թիմին կպատրաստեմ հաջորդ նախընտրական փուլին»:

Ըստ հավաքականի գլխավոր մարզչի՝ երկրպագուները պետք է գնան խաղադաշտ և դրական լիցքեր փոխանցեն ֆուտբոլիստներին.

«Մենք միշտ տեսնում և զգում ենք նրանց աջակցությունը, դա շատ հաճելի է, և մենք կցանկանայինք, որ վաղը լեցուն տրիբունաներ մեզ աջակցեին»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս