Բաժիններ՝

Մի՞թե մարդն անմեղ է

Հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր պնդում են` ես ոչ մի մեղք չունեմ, ի՞նչ եմ արել:

Մեղավոր լինելու գիտակցության բացակայությունը խոսում է մարդու հոգևոր կյանքի հիվանդության մասին: Ձեռքը, եթե չի զգում ցրտից քարացումն ու այրումից այտուցումը վաղ թե ուշ անդամահատվում է: Նույնպես էլ մարդու հոգևոր աշխարհը, եթե չի հակազդում գործված մեղքին, նշանակում է դատապարտված է աղքատացման. մենք մեզ մեղավոր չենք համարում և թերամտորեն կարծում ենք, որ Աստված էլ է մեզ նման մտածում:

Նա, ով մտածում է` անմեղ է, արդեն իսկ մեղավոր է, ավելին` անմեղության համոզվածությունն ամենավտանգավոր մեղքերից է: Հովհաննես առաքյալն ասում է. «Եթե ասենք մենք ոչ մի մեղք չունենք, մենք մեզ ենք խաբում և ճշմարտություն չկա մեր մեջ» (Ա Հովհ. 1.8):

Մեղքի գիտակցման բացակայությունը մարդկային բնության հիվանդագին էությունն է: Մարդը սիրում է մեղքն` առանց մեղավոր լինելու ցանկության…

Մարդկային այս թուլությունը հրաշալի է նկարագրել Ս. Օգոստինոսը: Նա, ներկայացնելով իր պատանեկան մեղսալի կյանքից մի դրվագ գողության մասին, ասում է. «Ինձ հաճելի էր ոչ թե գողացվածը, այլ հենց ինքը` գողությունը»:

Մենք հաճախ չենք ցանկանում հրաժարվել մեղքից` մեր ժամանակավոր ու անցողիկ ուրախությունից ու մխիթարությունից. չ՞է որ հաճախակի գործվող մեղքն ավելի հաճելի է թվում, քան անսովոր բարիքը:

Երբ մենք անընդհատ բարձրաձայնում ենք թվացյալ անմեղությունը, նենգաբար պայքարում ենք ներքին խղճի` ճշմարտության ձայնի դեմ, որն անընդհատ հուշում է` մեղավոր ես: Մենք փորձում ենք հայացքը հեռացնել մեզնից, բայց խիղճը սկսում է պատմել մեզ մեր մեղքերի մասին` ստիպելով առանց կտրվելու ուղիղ հայացքով նայել դրանց: Զգալով հանդերձ մեղքը` փորձում ենք անզգա ձևանալ, մեկընդմիշտ մոռանալ այդ մասին, ինքնախաբեությամբ հանգստացնել մեր խիղճը:

Անկախ անմեղության համոզվածությունից, մարդ վաղ թե ուշ կանգնելու է իր մեղքի առջև:

Մենք պետք է ստիպենք մեզ` դուրս գալու մեր մեջքի ետևից, որտեղ սովոր ենք պատսպարվել և երես առ երես կանգնել մեր սեփական անձի առջև, որպեսզի տեսնենք, թե որքան մեղավոր ենք: Պետք չէ ինքնախաբեությամբ արդարացնել գործված մեղքը: Սեփական մեղքը գիտակցաբար ընդունելը հոգևոր սխրանք է:

Տ. Հովսեփ քհն. Սարգսյան

Qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս