«Հայաստանի կառավարությունը միշտ կանգնած է Արցախի կողքին». Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության տոնի առթիվ։
«Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ կառավարության և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Արցախի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ:
Խոնարհվում ենք Արցախի անկախության ու ազատության համար մարտնչած հերոսների առջև: Նրանց անձնվիրությունը մեզ պարտավորեցնում է ամենօրյա աշխատանքով ամրապնդել մեր հաղթանակները, ուժեղացնել մեր անվտանգությունն ու մարտունակությունը և առաջ շարժվել մեր ընդհանուր ազգային նպատակների իրականացման լավատեսական ձգտումներով:
Հայաստանի կառավարությունը միշտ կանգնած է Արցախի կողքին ու պատրաստ է հնարավորինս աջակցել ու սատարել տնտեսական զարգացմանը վերաբերող ծրագրերի իրականացման հարցում:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այսօրվա մեծ տոնի առթիվ՝ մաղթելով Արցախի մեր հայրենակիցներին խաղաղություն, առաջընթաց և նորանոր հաջողություններ»,- ասված է ուղերձում։