Բաժիններ՝

«Արցախի անկախության համար թանկ գին է վճարվել». Պարգև Սրբազան

Ազատ Արցախը սեպտեմբերի 2-ին տոնում է անկախության 26-րդ տարեդարձը: Արցախահայության համար այդ մեծագույն հաղթանակը ձեռք է բերվել պատերազմի գնով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի հոգեւոր առաջնորդ Պարգեւ Սրբազանն ասաց, որ Արցախի անկախության համար թանկ գին է վճարվել: «Սեպտեմբերի 2-ը արցախահայության համար մեծագույն օր է, մեր պետության անկախության օրն է, եւ այն արդեն 26 տարեկան է: Արցախի անկախացման ճանապարհին մենք մեծ զոհողությունների գնացինք եւ պատերազմում հաղթանակ ձեռք բերեցինք»,ասաց նա:

Պարգեւ Սրբազանի խոսքով՝ 26 տարիների ընթացքում Արցախը եւ ձեռքբերումներ, եւ կորուստներ է ունեցել: «Ահռելի ճանապարհ ենք անցել՝ քաղաքներ, շրջկենտրոններ, գյուղեր են նորոգվել, դպրոցներ, բուժկետեր, հյուրանոցներ, երեք կարեւոր մայրուղի-ճանապարհներ են կառուցվել, ջրատար, էլեկտրականություն է անցկացվել»,-ասաց նա:

Արցախի հոգեւոր առաջնորդի խոսքով՝ անկախության ձեռք բերման ճանապարհին ամենադաժանը մարդկային կորուստներ էին: «Շատերը որբ մնացին, հաշմանդամ: Արցախի անկախության ճանապարհին գյուղեր, քաղաքներ ավիրվեցին, քայքայվեց տնտեսությունը»,-հավելեց նա:

Պարգեւ Սրբազանը սեպտեմբերի 2-ի առիթով ողջ արցախահայությանը նախ եւ առաջ խաղաղություն մաղթեց: «Ես ի սրտե շնորհավորում եմ ողջ հայությանը եւ մաղթում եմ մեզ խաղաղություն, որպեսզի կարողանանք այսպես շենացնելով, զարգացնելով առաջ տանենք մեր անկախ, ազատ հայեցի կյանքը»,-ասաց նա:

1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում: Այդպիսով իրականացվեց մի իրավունք, որն արտացոլված էր այն ժամանակ գործող օրենսդրության մեջ, մասնավորապես 1990թ. ապրիլի 3-ին ընդունված օրենքը, որը նախատեսում էր ազգային ինքնավարություններին իրավունք տրամադրել ինքնուրույն կերպով որոշելու սեփական պետաիրավական կարգավիճակը՝ ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում: 1991թ. դեկտեմբեր 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, արտահայտվեց Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին: Դրան հետևած խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարան, որն էլ կազմեց առաջին կառավարությունը: Անկախ ԼՂՀ կառավարությունը իր պարտականությունների իրականացմանն անցավ բացարձակ շրջափակման և նրան հետևած Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում:

Հաղթահարելով պատերազմը` ԼՂՀ-ն պահպանեց ինքնիշխանությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս