«Արցախի պաշտպանները գիտեն կռվել և հանուն ինչի կռվել». Սերժ Սարգսյան
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության տոնի առթիվ:
«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ:
Քսանվեց տարի առաջ՝ այս օրը, արցախահայությունը հռչակեց իր անկախ պետականությունը:
Պատերազմի կրակների և ավերակների միջից նա կարողացավ բարձրանալ և աշխարհին ներկայանալ իր հերոսական բանակով, պետական հաստատություններով, տնտեսական լուրջ առաջընթացով, կրթական ու մշակութային օրինակելի օջախներով և վերջապես՝ իր կազմակերպված հասարակությամբ: Հասարակություն, որ հավատարիմ է իր ազգային ավանդույթներին, բայց նաև ժամանակակից է և ընդունակ տեղայնացնելու այն լավագույնը, որ մարդկությունը ստեղծել է գիտության ու մշակույթի, տնտեսության ու քաղաքականության և այլ ասպարեզներում:
Անցած քսանվեց տարիների ընթացքում Արցախը կայացավ որպես ամուր, ազատ ու ժողովրդավարական պետություն:
Խաղաղ Արցախը ոչ միայն մարտունակ է, այլև կենսունակ և մրցունակ: Արցախի պաշտպանները գիտեն կռվել և հանուն ինչի կռվել: Արցախի զինված ուժերը պաշտպանում են ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի և մեծ հաշվով՝ ողջ հայության անվտանգությունը:
Անցած տարվա ապրիլյան ռազմական գործողությունները, որ սանձազերծված էին Ադրբեջանի կողմից, ևս մեկ անգամ ի ցույց դրեցին Արցախի հարցի ռազմական լուծման անհնարինությունը: Այդ արկածախնդրությունն ի սկզբանե դատապարտված էր ձախողման, քանի որ Պաշտպանության բանակն ամուր է, իսկ Արցախի թիկունքին Հայաստանն է և ողջ հայությունը:
Այս փառավոր օրը մենք գլուխ ենք խոնարհում Արցախի ազատության համար ընկածների հիշատակի առջև:
Կեցցե՛ ազատ ու անկախ Արցախը:
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը»,- ասված է նախագահի ուղերձում: