Բաժիններ՝

Փորձագետները պատրաստ են «Հարվի» փոթորիկը ամենաավերիչը համարել ԱՄՆ-ի պատմության մեջ

AccuWeather ընկերության փորձագետներն սպասում են, որ ԱՄՆ-ի տնտեսությանը «Հարվի» փոթորկի հասցրած վնասը կարող է հասնել 190 մլրդ դոլարի եւ կազմել երկրի համախառն ներքին արդյունքի 1 տոկոսը: Տակավին օգոստոսի 30-ին ընկերության վերլուծաբաններն այլ թիվ էին նշում՝ 160 մլրդ դոլար: Եթե կանխատեսումը հաստատվի, այն կդառնա ամենաավերիչ տարերային աղետը ԱՄՆ-ի պատմության մեջ՝ գերազանցելով «Քաթրինա» փոթորկի պատճառած վնասը, որը 2005 թվականին գրեթե ամբողջությամբ ավերեց Նոր Օռլեանը եւ Միացյալ Նահանգների վրա նստեց 125 մլրդ դոլար:

Փոթորիկն արդեն զգալի վնաս է հասցրել ԱՄՆ-ի էներգետիկական սեկտորին. երկրում փակ են նավթավերամշակման բազմաթիվ գործարաններ, նավահանգիստներ եւ խողովակաշարեր, դադարեցված է նավթային հարթակների աշխատանքը Մեքսիկական ծոցում եւ արդյունահանումը Տեխասի թերթաքարային հանքավայրերում: Բացի այդ, Հյուսթոնի՝ ԱՄՆ-ի՝ բնակչության թվաքանակով չորրորդ քաղաքի շատ շրջաններ առաջիկա շաբաթներին կամ նույնիսկ ամիսներին հեղեղումների եւ սանիտարական վատ պայմանների պատճառով պիտանի չեն լինի ապրելու համար, ընդգծում են AccuWeather-ի վերլուծաբանները: Հյուսթոնը եւ նրա արվարձանները, որտեղ մոլեգնել է «Հարվի» փոթորիկը, արտադրում են ԱՄՆ-ի ՀՆԱ-ի մինչեւ 3,5 տոկոսը եւ ապահովում բոլոր աշխատատեղերի 2,4 տոկոսը երկրում:

Ավելի վաղ Decision Economics-ի տնտեսագետ Քերի Լիհին կանխատեսել է, որ «Հարվի» փոթորիկը եւ Տեխաս նրա բերած ջրհեղեղը առնվազն նույնքան ավերիչ կլինեն, որքան եւ «Քաթրինա» փոթորիկը: 2005 թվականին նա առաջիններից մեկը «Քաթրինա» փոթորկից միագումար վնասը գնահատեց 125 մլրդ դոլար՝ այն համարելով ամենամասշտաբային տարերային աղետը ԱՄՆ-ի պատմության մեջ: Այդ գնահատումը հետագայում հաստատվեց ամերիկյան իշխանությունների կողմից: RMS գլոբալ ռիսկերի մոդելավորման ֆիրմայի վերլուծաբանները հայտնել են, որ «Հարվի» փոթորկի ընթացքում քամու, տեղատարափ անձրեւների եւ հեղեղումների հետեւանքներից տնտեսական վնասները գնահատվում են 70-90 միլիարդ դոլար: Ըստ որում ընկերությունը ճշտում է, որ ապահովագրական վնասների ընդհանուր արժեքի վերջնական գնահատականը տակավին հայտնի չէ, քանի որ անձրեւները շարունակվում են:

Reuters գործակալությունը հայտնել է, որ Տեխասի նահանգում մոլեգնած «Հարվի» արեւադարձային փոթորիկն արդեն շուրջ 23 միլիարդ դոլարի վնաս է հասցրել այդ նահանգի բնակիչների ունեցվածքին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս