
ԱՄՆ-ում «Հարվի» փոթորկի պատճառով իրենց տները լքած մարդկանց թիվը գերազանցել է 1 միլիոնը

ԱՄՆ-ում «Հարվի» փոթորկի պատճառով իրենց տները լքած մարդկանց թիվը գերազանցել է 1 միլիոնը: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը: Տեխասի նահանգի Հարիսի օկրուգում, որի բնակչությունը կազմում է 4,6 մլն մարդ եւ որտեղ գտնվում է նահանգի խոշորագույն քաղաքը՝ Հյուսթոնը, հեղեղված է տարածքի 75 տոկոսը, ինչի մասին գործակալությանը հայտնել են օկրուգի իշխանությունները: Այդ շրջանում ջրի բարձրությունը հասնում է 45 սանտիմետրի:
Տեխասի եւ Լուիզիանայի նահանգներում առանց էլեկտրականության են մնում շուրջ 160 հազար տներ (ավելի վաղ դրանց թիվը հասնում էր 300 հազարի): Moody՚s Analytics ընկերության (Moody՚s կորպորացիայի ստորաբաժանում, որին պատկանում է համանուն վերլուծական գործակալությունը) հաշվարկներով՝ Տեխասի նահանգի՝ ԱՄՆ-ի նավթարդյունահանման խոշորագույն կենտրոնի տնտեսությանը «Հարվի» փոթորկի պատճառած վնասը կարող է կազմել 51 միլիարդից մինչեւ 75 մլրդ դոլար:
Այժմ «Հարվին» շարունակում է շաժվել դեպի մայրցամաքի խորքը եւ մոտենում է Թենեսիի նահանգի տարածքին: Տարերքի գոտում, որը ներկայում գտնվում է Մեմֆիս քաղաքից 140 կմ հարավ-արեւելք ընկած շրջանում, քամու առավելագույն արագությունը հասնում է վայրկյանում 13 մետրի: Օդերեւութաբանները կանխատեսում են, որ շատ շուտով «Հարվին» կարող է կորցնել արեւադարձային ցիկլոնին բնորոշ գծերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: