«ԼՂ հակամարտությունը կարող էր կարգավորված լինել, եթե ընդունվեին ՌԴ առաջարկները». Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը համոզմունքն է հայտնել, որ բազմաթիվ հակամարտություններ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, վաղուց կարող էին կարգավորված լինել, եթե ընդունվեին Ռուսաստանի առաջարկները: Այդ մասին նա հայտարարել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ուսանողների հետ սեպտեմբերի 1-ին կայացած հանդիպմանը, տեղեկացնում է  ՏԱՍՍ-ը:

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը պատասխանատու երկիր է եւ հանձնառու՝ կատարելու բոլոր այն հռչակագրերը, որոնք վերջին քսան տարում ընդունվել են ԵԱՀԿ-ում եւ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդում:

«Այդ հռչակագրերը բովանդակում են կողմերի ցանկությունը՝ հավասար անվտանգության տարածք ձեւավորելու Եվրատլանտիկայում եւ Եվրասիայում, ինչպես նաեւ հավաստիացում, որ մեզանից ոչ ոք իր անվտանգությունը չի ամրապնդելու մյուսների անվտանգությունը ոտնահարելու հաշվին»,- նշել է նա:

Դրա հետ մեկտեղ Լավրովն ափսոսանք է հայտնել, որ այդ հռչակագրերը «այդպես էլ մնացին թղթի վրա»: «Դրանք իրավաբանորեն պարտադիր դարձնելու մեր բոլոր փորձերը մերժվել են արեւմտյան մեր գործընկերների կողմից,-արձանագրել է նա:-Ես համոզված եմ, որ եթե հավասար անբաժանելի անվտանգությունը իրապես իրավաբանորեն պարտավորեցնող ձեւ ընդուներ, ապա շատ հակամարտություններ, որոնք այժմ պահպանվում են Եվրոպայում, վաղուց կարգավորված կլինեին»:

Լավրովի կարծիքով, դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղի եւ Մերձդնեստրի հակամարտություններին: «Իսկ ուկրաինական ճգնաժամն ընդհանրապես չէր լինի»,-հավելել է նա:

 

Տեսանյութեր

Լրահոս