Բեսլանում 1,5 հազարից ավելի մարդ է հարգել ահաբեկչության զոհերի հիշատակը
Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքի թիվ 1 դպրոցում կատարված ահաբեկչության զոհերի հիշատակը եռօրյա հերթափոխի առաջին օրը հարգել է ավելի քան 1,5 հազար մարդ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է հանրապետության իրավապահ ծառայությունների մի աշխատակից:
«Ավելի քան 1,5 հազար մարդ է այցելել դպրոց, մարդկանց հոսքը նվազել է, բայց նրանք շարունակում են գալ: Այսօր արդեն 150 մարդ է այցելել «Հրեշտակների քաղաք» հուշահամալիր»,-ասել է գործակալության զրուցակիցը: Ավերված դպրոցում սգո միջոցառումներն սկսվել են Երեւանի ժամանակով ժամը 10:15-ին հնչած դպրոցական զանգով, որը հիշեցրել է ահաբեկիչների առաջին կրակոցը դպրոցի բակում:
Մարդիկ գալիս են ծաղիկներով, մարզասրահում մոմեր վառում զոհվածների լուսանկարների մոտ, դպրոցի բակ են բերել նաեւ խաղալիքներ, ջուր, որը թույլ չԷին տալիս պատանդներին խմել ահաբեկիչները՝ երեք օր նրանց պահելով մարզասրահում: Սգո արարողությունը տեղի է ունեցել լիակատար լռության պայմաններում, որն ընդհատվում էր լացով:
2004 թվականին ահաբեկիչների կողմից Բեսլանի թիվ 1 դպրոցի գրավման հետեւանքով պատանդի վիճակում էր հայտնվել 1,2 հազար մարդ: Զոհվել եւ ավելի ուշ վերքերից մահացել է 334 մարդ, այդ թվում՝ 186 երեխաներ: Հաշմանդամ են դարձել 126 նախկին պատանդներ, այդ թվում՝ 70 երեխաներ, նրանցից շատերը մինչ այժմ բուժման կարիք ունեն:
Լուսանկարը` ТАСС