Մաքենիսի վանքի պարսպի փլված մասերը վերականգնված են

Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի համանուն վանքի հյուսիսային մասի երկու փլվածքներն ամբողջովին վերականգնվել են ռուսաստանաբնակ մաքենիսցի Մակեդոն Ամիրզադյանի բարեգործության շնորհիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մաքենիսի գյուղապետ Հարություն Մանուկյանը, 7-րդ դարում կառուցված եւ Հայաստանի պատմաճարտարապետական հրաշալիքներից համարվող Մաքենավանքի պարսպի հյուսիսային պատի մեջ առաջացել էին մոտ 15 մետր երկարությամբ եւ ավելի քան 6 մետր բարձրությամբ երկու խոշոր փլվածքներ, որոնք քանդված վիճակում մնում էին ավելի քան 10 տարի:

«Սախալինում բնակվող մեր գյուղացի Մակեդոն Ամիրզադյանը ցանկացավ կազմակերպել եւ հովանավորել վանքի պարսպի փլվածքների վերականգնումը: Այդ նպատակի համար նա իր անձնական միջոցներից հատկացրեց 900 հազար դրամ: Որմնադիր Սարգիս Նաջարյանը կարճ ժամանակում կարողացավ ամբողջությամբ վերականգնել պարսպի փլված մասերը՝ շարվածքի մեջ օգտագործելով ընկած քարերը եւ անթերի պահպանելով ճարտարապետական նախկին տեսքը: Մեր համայնքի բնակիչները, ինչպես նաեւ Մաքենիսի վանք հաճախակի այցելող ուխտավորներն իրենց երախտագիտությունն են հայտնում բարերարին»,-պատմեց Հարություն Մանուկյանը:

Մաքենիսի դպրոցի տնօրեն Ադամ Մխիթարյանի հավաստմամբ՝ Մակեդոն Ամիրզադյանը նախորդ տարի իր միջոցների հաշվին Մաքենիսի միջնակարգ դպրոցում նորոգել է տվել այն դասասենյակը, որտեղ առաջին անգամ դպրոց է գնացել ու առել առաջին դասը:

Խոսրով Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս