Էրդողանն իր թիկնազորի անդամների դեմ ԱՄՆ ներկայացրած մեղադրանքները սկանդալ է համարում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր թիկնազորի անդամներից 15-ի դեմ Միացյալ Նահանգների կողմից մեղադրանք ներկայացնելու մասին որոշումը սկանդալային է որակել: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:
Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին իր անվտանգությունը պատշաճ կերպով չպահպանելու համար՝ ընդգծելով, թե նման պարագայում ստիպված են եղել խնդրին միջամտել իր անվտանգության աշխատակիցները:
«Այս պահին արտաքին գործերի և արդարադատության նախարարությունները շարունակում են բանակցությունները: ԱՄՆ-ում լավ զարգացումներ տեղի չեն ունենում: Դա մի երկիր է, որ շարունակում է պաշտպանել գյուլենականներին, Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամներին»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնի նահանգի դատարանն ընդլայնված կազմով որոշում է կայացրել մեղադրականներ ներկայացնել ԱՄՆ մայրաքաղաքում 2017 թվականի մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած 19 անձի, այդ թվում և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության 15 աշխատակցի դեմ:
Միացյալ Նահանգներ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում մայիսի 16-ին կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ են դարձել: Մի քանի վիրավորներ արնաշաղախ հիվանդանոց են տեղափոխվել: Հայտնի է դարձել, որ հարձակումն իրականացրածների շարքում են եղել նաև Էրդողանի անվտանգության աշխատակիցները: Ավելի ուշ հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է հենց Էրդողանը տալիս ցուցարարների վրա հարձակվելու հրահանգը:
Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերը և ոստիկանապետ Փիթեր Նյուշեմը հունիսի 15-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակից խմբի 12 անդամի ձերբակալության հրաման է տրվել:
Հարձակմանը մասնակից ԱՄՆ երկու թուրք քաղաքացի արդեն ձերբակալված են: Նրանց դեմ գործով առաջին դատական լսումները տեղի կունենան սեպտեմբերի 7-ին:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հունիսի 6-ին միաձայն ընդունել է թիվ 354 երկկուսակցական բանաձևը, որը դատապարտում է մայիսի 16-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում օրինազանցներին ենթարկել քրեական պատասխանատվության և քայլեր ձեռնարկել նմանատիպ միջադեպերը բացառելու համար: Բանաձևին կողմ է քվեարկել 397 ներկայացուցիչ: