Հայաստանն ու Վրաստանը մշակում են ծրագրեր՝ ընդհանուր արտահանումներ իրականացնելու ուղղությամբ

Այսօր կազմակերպված հայ-վրացական գործարար համաժողովի ժամանակ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը խոսեց երկու երկրների միջև առաջիկայում կատարվելիք ծրագրերի մասին։

«Հայաստանն ու Վրաստանն ուս ուսի հաղթահարել են ժամանակի և պատմության փորձությունները, տնտեսական և քաղաքական ամենաբարդ մարտահրավերները, ինչն էլ կանխորոշել է միջպետական հարաբերությունների զարգացումը։ Արդյունքում՝ մենք ունենք տնտեսական զարգացման լուրջ հեռանկարներով անկախ պետություններ։ Նաև ուզում եմ արձանագրել, որ չնայած հանգամանքին, որ երկու երկրների միջև երկկողմ առևտրաշրջանառությունն աճում է, հատկապես աճել է 2017 թ. ընթացքում, այնուամենայնիվ, իմ գործընկերոջ հետ այսօր առավոտյան հանդիպման ժամանակ արձանագրեցինք, որ դա բավարար չէ, և մենք կարող ենք իրականացնել ավելին»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ Վրաստանի իր գործընկերոջ հետ հանդիպմանն առարկայական նշել են բոլոր ուղղություններն ու ձևաչափերը, որոնցով համագործակցելու են, և արձանագրել, որ կա բավականաչափ չօգտագործված ներուժ ապրանքաշրջանառության ծավալները մեծացնելու ուղղությամբ.

«Ինչպես Հայաստանը, այնպես էլ Վրաստանն ունեն արտաքին շուկաներ դուրս գալու լայն հնարավորություններ և ուժեղ կողմեր: Մեր հաջողությունը կարող է հանդիսանալ հենց այն, որ մենք կարողանանք այդ ուժեղ կողմերը միաձուլել և միասնական ծրագրեր իրականացնել` ընդհանուր արտահանման ուղղությամբ»։

Նա նաև նշեց, որ աշխատանքներ պետք է իրականացվեն զբոսաշրջության զարգացման ոլորտում, մասնավորապես` տարածաշրջանային։

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիան ընդգծեց՝ իրենց համար ամենակարևոր խնդիրն այս պահին այն է, որ ստեղծվեն ենթակառուցվածքներ, որտեղ բիզնեսները կարող են էֆեկտիվ համագործակցել.

«Մեզ համար կարևոր են գյուղատնտեսությունը, տրանսպորտն ու հաղորդակցությունը, տուրիզմը, այն հնարավորություններն ու հաջողությունները, որ ունեն երկու երկրները։ Մենք պետք է կիսվենք մեր հաջողություններով, որպեսզի միասին համատեղ արտադրությամբ կարողանանք երրորդ երկրների շուկաներ դուրս գալ։ Դա է մեր հիմնական խնդիրը։ Մեր առևտրաշրջանառությունը 2017թ. սկսել է փոքր-ինչ կարգավորվել և նույնիսկ աճել, բայց մենք հսկայական պոտենցիալ ունենք, և կարծում եմ, որ 350-400մլն դոլարը երկու երկրների առևտրաշրջանառության համար բավականին քիչ է, մենք պետք է մեծացնենք այդ թիվը»։

Վրաստանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նինո Չիկովանին ասաց, որ վրացական կողմից մոտ 30 ընկերության ներկայացուցիչներ են մասնակցում այսօրվա ֆորումին՝ շինարարության, շինարարական նյութերի, ձկնորսության, ձկնամթերքի մշակման, էներգետիկայի և շատ այլ ոլորտներից. «Հայկական կողմից ներկա է մոտ 120 ընկերություն, և պլանավորվում է երկու երկրների գործարարների միջև հանդիպում կազմակերպել, և հուսով ենք, որ այդ հանդիպումներն արդյունավետ կլինեն և իրենց զարգացումները կգտնեն։ Երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև կստորագրվի փոխըմբռնման հուշագիր, որը նույնպես կնպաստի մեր հետագա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը»։

ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանն էլ նշեց, որ գործարար ժողովը մեծ հետաքրքրություն է ներկայացնում, ինչի մասին վկայում է կողմերի մասնակիցների թիվը. «Մենք ներկայացնելու ենք նաև Սյունիքի ազատ տնտեսական գոտու հնարավորությունները, որտեղ նաև մեր վրացի գործընկերները հնարավորություն կունենան ներդրումներ անել ու մտնել եվրասիական շուկաներ, նաև՝ իրանական շուկա։ Մենք կարևորում ենք նաև երկկողմ զբոսաշրջության զարգացումը, այսինքն՝ եթե զբոսաշրջիկները գնում են Վրաստան, այնպես անենք, որ Հայաստանով էլ անցնեն, և՝ հակառակը։ Այս համաժողովի ավարտին գուցե համատեղ ձեռնարկությունների ստեղծման ցանկություններ լինեն»։

Նա նաև հավելեց, որ սննդարդյունաբերության ոլորտում Հայաստանը կարող է միասնական հանդես գալ տարբեր շուկաներում. «Նաև՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ մենք մի քիչ ավելի առաջ ենք, հատկապես՝ ծրագրավորման ոլորտում։ Մենք առաջարկելու ենք նաև այդ ոլորտը, որպեսզի կարողանանք իրենց օգնել՝ զարգացնել այդ ուղղությունը»։

Տեսանյութեր

Լրահոս