Բաժիններ՝

Կարեն Կարապետյանը հանձնարարեց մինչև տարեվերջ տնտեսվարողների մոտ կասեցնել ստուգումները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ժամանակ  հանձնարարեց տնտեսվարողների մոտ տեսչական ստուգումների կասեցման ժամանակահատվածը երկարաձգել մինչև տարեվերջ:

Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ 2017թ. հունվարի 26-ին Կառավարության համապատասխան որոշմամբ մինչև 2017թ. հուլիսի 1-ը, բացառությամբ հարկային և մաքսային մարմինների, սահմանափակվել էին տեսչությունների կողմից իրականացվող ստուգումները.

«Հաշվի առնելով Հայաստանում տեսչական բարեփոխումների շրջանակներում այս փուլում իրականացվող օպտիմալացման աշխատանքները, ինչպես նաև տնտեսվարողներին որոշակի ժամանակահատվածով ստուգումների բեռից ազատման անհրաժեշտությունը՝ հանձնարարում եմ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ ՀՀ կառավարության հաջորդ նիստին ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ՝ ստուգումների կասեցումը մինչև տարեվերջ երկարաձգելու վերաբերյալ:

Մեր հանրությանը ցանկանում ենք տեղեկացնել, որ ստուգումների ժամանակավոր կասեցումը նպատակ ունի բիզնեսին զերծ պահել անհարկի տեսչական միջամտություններից, և ստուգումների սահմանափակումը չի տարածվում բարձր ռիսկային խմբում գտնվող տնտեսվարողների վրա:

Այսինքն՝ ստուգումները շարունակվելու են բոլոր այն դեպքերում, որոնք էական վտանգ են սպառնում մարդու կյանքին, առողջությանը, հանրային անվտանգությանը և այլոց իրավունքներին»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Նա նշեց, որ ներկայումս տեսչությունների բարեփոխման ընթացքում ենք, երկու-երեք ամիսների ընթացքում նոր համակարգ է ձևավորվելու, որը տարբերվում է ներկայումս գործող համակարգից, կատարվելու է օպտիմալացում, տեսչական համակարգերի միավորում, լինելու է մի փոքր այլ փիլիսոփայություն. «Այդ իսկ պատճառով մինչև այդ համակարգը վերջնական չի ձևավորվել, գալիս ենք այս լուծմանը»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս