Բաժիններ՝

Հայկական Volterman գերհզոր դրամապամանակը մի քանի ժամում ավելի քան 20 հազար դոլար է հավաքել «քրաուդֆանդինգի» միջոցով

Աշխարհում ամեն տարի կորչում է ավելի քան 30 միլիոն դրամապանակ: Անընդհատ դրամապանակներ կորցնելու անլուծելի թվացող  խնդրի լուծում է առաջարկում GlobalAM հասարակական կազմակերպությունը՝ ներկայացնելով  աշխարհում առաջին խելացի դրամապանակը:

Հայկական ստարտափը Superman-ի, Spiderman-ի և Batmen-ի փոխարեն՝ առաջարկում է սուպերհերոսի հայկական տարբերակը՝ Volterman-ը: Այս դրամապանակը գրեթե անհնար է կորցնել՝ իր մի շարք հատկանիշների շնորհիվ:

Սմարթֆոնի միջոցով ցանկացած պահի կարող եք իմանալ, թե աշխարհի որ ծայրում է ձեր դրամապանակը: Դուք կարող եք տեղեկանալ դրամապանակի կոորդինատների մասին Free Global GPS-ի միջոցով: Այսպիսով, դուք կարող եք ոչ միայն տեսնել, թե որտեղ եք թողել դրամապանակը, այլև հետևել դրա տեղափոխություններին, եթե ինչ-որ մեկը գտել կամ գողացել է այն:

Բացի այդ, հայկական խելացի դրամապանակը Bluetooth alarm-ի միջոցով հաղորդագրություն է ուղարկում տիրոջ սմարթֆոնին: Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ սմարթֆոնի և դրամապանակի մեջ հեռավորությունը շատ է մեծանում:

Կարդացեք նաև

Եթե ձեր դրամապանակը գողանան, ապա դուք հեշտությամբ կարող եք իմանալ, թե ով է դա արել: Դրամապանակն ունի լուսանկար անող համակարգ՝ Thief Detection camera, որը նկարում է այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը բացում է այն: Նկար անելու հնարավորությունն ավտոմատանում է, երբ ակտիվացնում եք lost mode-ը: Դրամապանակը բացած անձի նկարը հաղորդագրության տեսքով գալիս է սմարթֆոնին:

Բացի ապահով դրամապանակ լինելուց՝ Volterman-ն ունի ևս մի քանի հետաքրքիր գործառույթներ:

Հաճախ սմարթֆոնի լիցքավորումն ավարտվում է ամենաանհրաժեշտ պահին: Խելացի դրամապանակի շնորհիվ դուք կարող եք լիցքավորել ձեր հեռախոսը ցանկացած պահի՝ անլար և լարային ռեժիմներում: Բացի այդ, Global WiFi hotspot-ի միջոցով դուք կարող եք  օգտվել վայ-ֆայից ցանկացած վայրում:

Այժմ շուկայում հասանելի է դրամապանակի երեք տարբերակ: Մեկը նախատեսված է ճամփորդությունների համար, մյուսը երկփեղկանի է, իսկ երրորդը՝ քարտերի համար:

Ի դեպ, հայկական ստարտափը երեկ ներկայացվել է IndieGoGo հարթակում, որտեղ ստարտափի զարգացմանը նպաստելու համար սկսվել է դրամահավաք: Հատկանշական է, որ մեկ օրվա ընթացքում հավաքվել է անհրաժեշտ գումարի  կեսից ավելին՝ ավելին քան 30 հազար դոլար: Հայկական դրամապանակը մեծ հետաքրքրություն է առաջացրել արտասահմանցիների մոտ:

Հիշեցնենք, որ Volterman-ը մեկն էր այն ստարտափներից, որ  Նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում (IMG) ստացել էր դրամաշնորհ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս