«ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններն էական չեն, և պետք չէ դրանց մեծ ուշադրություն դարձնել». Գառնիկ Իսագուլյան

ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ եթե դիտարկենք, թե տարվա ընթացքում ինչ գործընթացներ են տեղի ունենում, և, թե դրանց ինչպես է արձագանքում թե՛ միջազգային հանրությունը, թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանի Հանրապետությունը, թե՛ Արցախի Հանրապետությունը, ապա, ըստ էության, վերջին տարիներին առանձնապես լուրջ փոփոխություններ տեղի չեն ունեցել, եթե հաշվի չառնենք անցած տարվա ապրիլյան պատերազմը, որ բավականին լուրջ հետևանքներ ունեցավ։

«Այն ծրագիրը, որն իր առջև դրել էր Ադրբեջանը, չկարողացավ կատարել, և հայկական կողմը կարողացավ դիմակայել արդեն ոչ թե ագրեսիվ հայտարարություններին, այլ գործողություններին։ Սրանից հետո գործընթացները մտան իրենց բնական հուն։ Բայց ասեմ, որ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության համար ամեն մի կորուստը, որ մենք ունենում ենք սահմանագծում, ծանր է։ Չնայած մենք արդեն անցել ենք  անհամաչափ պատժիչ գործողությունների, բայց ես կարծում եմ, որ ժամանակն է, որ հայկական կողմն անցնի ոչ միայն պատժիչ, այլև կանխարգելիչ գործողությունների։ Եթե մենք որևէ ազդակ ունենք, որ թշնամին կարող է որևէ դիրքի վրա որոշակի գործողություն կատարել, մենք պիտի կանխարգելիչ հարված հասցնենք: Այսինքն՝ մինչև նրան հարված հասցնելը, մենք ինքներս կանխենք այդ հարվածի հնարավորությունը»,- նկատեց բանախոսը։

Գ. Իսագուլյանի գնահատմամբ՝ Մինսկի խմբի նախավերջին հայտարարությունը շատ սխալ է գնահատվել նաև Հայաստանի որոշ քաղաքական գործիչների կողմից. Մինսկի խումբն արել էր ոչ թե հակաադրբեջանական, այլ համեմատաբար օբյեկտիվ հայտարարություն։

«Բնականաբար, դա ոչ միայն կազդեր Մինսկի խմբի հետագա հայտարարությունների տոնայնության վրա, այլ նաև ճիշտ չէ, որ մեր քաղաքական գործիչներն օգտագործում են տերմիններ, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն։  Երկրորդ հայտարարությունը, որ սկսեցին գնահատել՝ որպես արդեն նորից հավասարության նշան պարունակող, կամ երկու կողմերին հավասարապես ուղղված հայտարարություն, չեմ կարծում, որ այդպես է, որովհետև այնտեղ օգտագործվեցին այնպիսի տերմիններ, որոնք, ըստ էության՝ առաջին անգամ էին օգտագործվում հայտարարությունների մեջ։

Կարդացեք նաև

Այնտեղ բացակայում էր նախկին ԼՂԻՄ տարածքները՝ որպես օկուպացիոն տարածքներ որակող մշտական հայտարարությունը, ուղղակի թվարկվում էին այն շրջանները, որոնք գտնվում են Արցախի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո»,- նշեց Գ. Իսագուլյանը։

Վերջինիս կարծիքով՝ այս հայտարարություններն էական չեն, և պետք չէ դրանց մեծ ուշադրություն դարձնել, քանի որ Մինսկի խումբը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի խնդրով է զբաղված, այլև շատ ավելի գլոբալ խնդիրներով, և այդ ֆորմատն այսօր ձեռնտու է բոլոր ուժային կենտրոններին։

«Դա է պատճառը, որ ես միշտ նշում եմ, որ ստատուս-քվոյի փոփոխությունն ուժային կենտրոններից որևէ մեկի համար նպատակահարմար չէ, նաև Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծումը։ Վերջնական լուծումը կհանգեցնի նրան, որ այլևս Մինսկի խմբի գոյությունը կդառնա ոչ անհրաժեշտ, իսկ այդ  խումբը, ես կարծում եմ՝ դեռ երկար տարիներ լուրջ անելիքներ ունի»,- նկատեց բանախոսը։

Ռոզա Հակոբյան

Տեսանյութեր

Լրահոս