Բաժիններ՝

«Հայաստանում ճարտարագիտական ոլորտը մարտահրավեր է նետում մյուս ոլորտներին». Բագրատ Ենգիբարյան

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում առաջին անգամ իրականացվեց Ինժեներական համաժողով-ցուցահանդես: Ֆորումը համախմբեց  ավելի քան 200 մասնակիցներ, 26 կազմակերպություններ, ընկերություններ Հայաստանից և արտասահմանից:

Համաժողով-ցուցահանդեսը նպատակ ուներ  համախմբել ինժեներական ոլորտի կազմակերպություններին և ներկայացուցիչներին, քննարկել ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության և գործարար միջավայրի առաջընթացի մարտահրավերները, իրականացնել փորձի և գաղափարների փոխանակում:

Միջոցառման կազմակերպիչ, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ի սկզբանե մտադրություն է եղել Հայաստանում  իրականացնել առաջին ինժեներական ֆորում-ցուցահանդեսը, որից հետո ընտրվել է վայրը՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը:

«Ճարտարագիտությունը միշտ մենք դիտել ենք՝ որպես ինֆորմացիոն տեխնոլոգիաների կողքից զարգացող ոլորտ, սակայն արդեն հասել ենք մի կրիտիկական պահի, երբ ոլորտը մարտահրավեր է նետում մյուս ոլորտներին: Այդ իսկ պատճառով որոշեցինք ֆորումը նվիրել հենց ինժեներական տեխնոլոգիաներին:

Կարդացեք նաև

Մենք ընտրեցինք Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը, քանի որ սա նորաբաց կենտրոն է, որ հիմնականում ունի ինժեներական ուղղվածություն:

Հուսով ենք, որ այս միջոցառումը կդառնա ավանդական, և արդեն մյուս տարի մենք այն կանցկացնենք ինժեներական քաղաքում»:

Ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանում արտադրվող լավագույն նմուշները: Շատ լուծումներ ցուցադրվում էին առաջին անգամ:

Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ լինելով Պոիտեխնիկական համալսարանի տարածքում՝ իրենք մեծ ուշադրություն են դարձնում կրթական հարցերին.

«Փորձում ենք համադրել կրթական և տեխնոլոգիական զարգացման մարտահրավերները մեկ վայրում: Միջոցառումն ունի սոցիալական բազմաթիվ ծրագրեր, որոնք թույլ են տալիս շփումների և փորձի փոխանակման: Ներկայացվող ընկերությունների համար կստեղծվի հնարավորություն՝  հետագայում ունենալ իրենց մասնաճյուղերն այստեղ: Այսինքն՝ մենք օգտագործում ենք այս հնարավորությունը՝ նաև տեխկենտրոնը ներկայացնելու համար»:

Ըստ Բագրատ Ենգիբարյանի՝ շատ կարևոր է Հայաստանում զարգացնել տեխնոլոգիական և ինժեներական կրթությունը:

«Մենք աշխատում ենք տեխնոլոգիական և ինժեներական կրթությունը դպրոցներում ներդնելու ուղղությամբ: Այժմ միայն Վանաձորի և Գյումրիի կենտրոններում 4000 դպրոցականներ են սովորում: Մենք ցանկանում ենք ուղղորդել այս երեխաներին, որպեսզի նրանք տեսնեն Հայաստանի պոտենցիալը և հետագայում նման մասնագիտություններ ընտրեն»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս