ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը պաշտպանում է երկրի բնակչության 40 տոկոսը
Ուկրաինայի բնակչության ավելի քան 40 տոկոսը պաշտպանում է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությունը: Այդ մասին վկայում են հունիսի 26-ին հրապարակված հարցման արդյունքները, որն անցկացվել է «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի կողմից:
«Եթե այսօր հանրաքվե անցկացվեր ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ, ապա երկրի բնակչության 43 տոկոսը «կողմ» կքվեարկեր, 30 տոկոսը՝ դեմ, 13 տոկոսը չէր քվեարկի, իսկ եւս 14 տոկոսը չի կողմնորոշվել»,-ասված է հետազոտության արդյունքներին նվիրված մամուլի տեղեկագրում:
ՆԱՏՕ-ին անդամակցությունն ավելի շատ պաշտպանում են Ուկրաինայի արեւմուտքում, ինչպես նաեւ՝ երիտասարդությունը:
Հարցումը մայիսի 22-ից մինչեւ 31-ն անցկացվել է Ուկրաինայի ամբողջ տարածքում չափահաս բնակչության շրջանում: Ընդամենը հարցմանը մասնակցել է 3 հազար մարդ, վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 1,8 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: