«Հայաստանում Իսրայելի դեսպանատան բացման հարցը գտնվում է երկու կողմերի քննարկման սեղաններին»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը, «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը խոսեցին Իսրայելի դեսպանատան՝ Երևան տեղափոխվելու մասին։

Լրագրողներից մեկի հարցին, թե Իսրայելի դեսպանը նշել էր, որ տեխնիկական խնդիրներ են մնացել այդ հարցը լուծելու համար, իսկ հիմա ի՞նչն է խանգարում դրան, պարոն Քոթանջյանը պատասխանեց. «Ես պատիվ եմ ունեցել դեսպանի հետ այս տարվա հունվարին Իսրայելում խոսելու այս հարցի շուրջ։ Այն գտնվում է քննարկման գործընթացի մեջ։ Ես  մանրամասներից տեղեկացված չեմ, բայց  մեծ կարևորություն եմ տալիս նրան, որ այս հարցը գտնվում է երկու կողմերի քննարկման սեղաններին»։

Իսկ Ալեքսանդր Ցինկերը նշեց, որ ԱԳՆ-ն ունի բաժիններ, որոնք զբաղվում են տարբեր տարածաշրջանների հարցերով, և այդ տարածաշրջաններից է նաև հետխորհրդային երկրներինը. «Այստեղ հարցերի լուծումն ավելի շատ կախված է լինում ֆինանսավորումից։ Ունենում ենք նաև հակառակ դեպքերը, ցավոք, օրինակ՝ 2 տարի առաջ հազիվ չփակվեց Մինսկում Իսրայելի դեսպանատունը։ Ես կարծում եմ, որ, եթե մեր հարաբերությունները լավանան և զարգանան տուրիզմի և բիզնեսի մակարդակում, մեր ձեռքում Արտաքին գործերի նախարարության դեմ ևս մի հաղթաթուղթ կլինի՝ գտնելու հնարավորություն դեսպանատունը բացելու համար»,- նկատեց բանախոսը։

Ռոզա Հակոբյան

Տեսանյութեր

Լրահոս