«Ձեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը Ադրբեջանին ավելի շատ զենք է վաճառում. այս հարցը դուք տալի՞ս եք ՌԴ-ին». Ալեքսանդր Ցինկեր

Վերջերս Իսրայելի Քնեսեթն ու Հայաստանի ԱԺ-ն համատեղ որոշում են կայացրել «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի ստեղծման մասին, որը գործելու է մշտական հիմքի վրա։ Ֆորումի առաջին նիստը կայացել է Իսրայելում 2017 թվականի հունվարին։ Մոտ ապագայում, Քնեսեթի բարեկամության խորհրդարանական խմբի հայաստանյան այցի հետ մեկտեղ, ծրագրվում է անցկացնել «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի նիստ` իսրայելցի հասարակական գործիչների և գործարարների մասնակցությամբ, որոնք Հայաստան կբերեն իրենց նախագծերն ու համագործակցության առաջարկությունները։ Հայաստան-Իսրայել ֆորումի մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը, «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը։

«2 տարի առաջ Հայաստան-Իսրայել բարեկամության խումբը Քնեսեթում և ՀՀ ԱԺ-ն՝ գլխավորությամբ Արտակ Զաքարյանի և Իսրայելի խորհրդարանի փոխխոսնակ Թալի Պլոսկովի, որոշում կայացրին երկու խմբերի հարաբերությունները բարձրացնել միջխորհրդարանական, պաշտոնական, միջպետական մակարդակի։ Այդ ժամանակ ես ու  պարոն Ցինկերը, համաձայնության գալով Քնեսեթի և ՀՀ ԱԺ-ի բարեկամական խմբի հետ, որոշեցինք ստեղծել ոչ քաղաքականացված մի հարթակ, որը կառաջնորդեր  բարեկամական միջխորհրդարանական հարաբերությունների գործունեությունը, և մասնագետների ու Հայաստանի և Իսրայելի պրոֆեսիոնալ կազմակերպությունների միջև հող կստեղծեր  համագործակցության համար։

Բարեկամական խմբերի ղեկավարները՝ Թալի Պլոսկովը և Արտակ Զաքարյանը, այստեղ տեղի ունեցած համատեղ նիստի ժամանակ արձանագրեցին որոշում այս ֆորումի ստեղծման մասին։ Իսրայելական կողից համանախագահում է  Ալեքսանդր Ցինկերը, իսկ հայկական կողմից՝ ես»,- ասաց պարոն Քոթանջյանը։

Իսկ մյուս բանախոսը՝ Ալեքսանդր Ցինկերը, իր խոսքում նշեց, որ այս խորհրդարանի նպատակն էր՝ նաև ստեղծել մի այնպիսի բազա, և անկախ նրանից, թե ի՞նչ փոփոխություններ կլինեն ընտրությունների արդյունքում, կփոխվե՞ն պատգամավորները, կփոխվե՞ն քաղաքական ուժերը, թե՞ ոչ, անդամները կշարունակեն աշխատել.

«Մենք այդպիսի օրինակ ունենք. Արտակ Զաքարյանը հիմա ՀՀ ՊՆ նախարարի տեղակալն է, իր տեղում այսօր կլինի Գագիկ Մինասյանը: Այսինքն՝ աշխատանքը շարունակվում է։ Գագիկ Մինասյանը զրոյից չի սկսում անել աշխատանքը, նա ուղղակի շարունակում է այն»,- նկատեց բանախոսը։

Ըստ պարոն Ցինկերի՝ ֆորումը լինելու է սեպտեմբեր ամսին, մի քանի հանդիպումներ կլինեն նաև հուլիսին.

«Սեպտեմբերի 10-13-ը Հայաստան կժամանեն Թալի Պլոսկովը,  խմբում ներկայացված պատգամավորները, նաև գործարարներ, որոնք  ունեն կոնկրետ առաջարկներ։ Մենք աշխատում են նրա վրա, որ գտնենք  մեծ հետաքրքրվածությամբ  ընկերություններ, որպեսզի իրենք ավելի կոնկրետ զբաղվեն ծրագրերով»։

Բանախոսի տեղեկացմամբ՝ ֆորումի օրակարգում լինելու են այնպիսի հարցեր, ինչպիսին է, օրինակ՝ բժշկությունը։ Նախատեսվում է բարելավել հայ-իսրայելական բժշկական հարաբերությունները, և հնարավոր է՝ Հայաստանից բժիշկներ գնան Իսրայել, և հակառակը՝ Իսրայելից գան Հայաստան։ Պարոն Ցինկերի խոսքով՝ հույս կա, որ կլինեն հարցեր նաև գյուղատնտեսության ոլորտից, և սրա շնորհիվ կմեծանա հայկական գյուղատնտեսական ապրանքների արտահանումը։

Հարցին, թե ինչո՞ւ է Ալեքսանդր Ցինկերը ժամանել Հայաստան լրագրողների հետ, նա պատասխանեց. «Ֆորումի աշխատանքներից մեկը բարեկամական խմբի հետ միասին ուղիղ չվերթի բացումն էր Հայաստան-Թելավիվ, Թելավիվ-Հայաստան ուղությամբ։

Մայիսի 17-ին ինքնաթիռներն արդեն սկսել են իրենց թռիչքը, բայց, ցավոք սրտի, տեղակատվական առումով այս նորությունը շատ տարածված չէր, դրանով ոչ ոք չի զբաղվել, և որոշում կայացվեց լրագրողների հետ գալ։ Մենք այս այցի ընթացքում հասցրինք լինել Հայաստանի տարբեր վայրերում՝ Երևան, Դիլիջան, Ծաղկաձոր, Սևան։

Լրագրողները հոգնած, բայց շատ գոհ հեռացան Հայաստանից։ Իսրայելական ալիքներից մեկի խմբագիրն էլ ասաց, որ հիմա հասկացել է՝ 61 տարի առանց Հայաստանը տեսնելու՝ ապրել է անիմաստ»։

Բանախոսի խոսքով՝ այս ուղևորություններից հետո իրենք առաջակների մեծ փաթեթ ունեն, որը պետք է ներկայացվի Տուրիզմի պետական կոմիտեի ղեկավարին, ում իրենք հանդիպել են մինչ ուղևորությունները, և վերջինիս շատ հետաքրքիր են եղել մասնակիցները կարծիքները նաև ուղևորությունից հետո։

Պարոն Ցինկերը նշեց նաև, որ շատ հնարավոր է՝ իսրայելական ընկերություններից մեկը սկսի զբաղվել Հայաստանում զբոսաշրջության PR-ով. «Մենք հուսով ենք, որ հայկական ընկերությունների մի մասը կմասնակցի այդ գործընթացին»։

Լրագրողներից մեկի հարցին, թե անցած տարվա ապրիլից շատ սուր է ընդունվում իսրայելական զենքի վաճառքն Ադրբեջանին, և ի՞նչ կարող է այս առումով ասել, Հայկ Քոթանջյանը պատասխանեց, որ այս ֆորումը քաղաքական չէ, այն հնարավորություն է տալիս «ուղեկցել պրոֆեսիոնալ կոնտակտները կարծիքների փոխանակմամբ»։

Իսկ Ալեքսանդր Ցինկերը պատասխանեց.

«Իսրայելը զինամթերք մատակարարող երկրների հնգյակում է, և դա գաղտնիք չէ։ Բաց աղբյուրներով՝ ռազմական արդյունաբերության միջոցով Իսրայելը տարվա ընթացքում 5,6 մլրդ դոլար գումար է աշխատում, հնարավոր է նաև, որ մասնավոր ընկերությունների միջոցով, որոնք իրավունք ունենք համագործակցել Պաշտպանության նախարարության հետ, այդ թիվն ավելի է մեծանում։ Հայաստանին ևս առաջարկվել է գնել զինամթերք, բայց Պաշտպանության նախկին նախարարն ասել է, որ այն թանկ է և մեզ հարմար չէ, իսկ հիմա գնդակը Հայաստանի ձեռքում է։ Մենք միշտ բաց ենք։ Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին զենք վաճառելուն, ձեր ռազմավարական  գործընկեր Ռուսաստանն Ադրբեջանին ավելի շատ զենք է վաճառում։ Հետաքրքիր է՝ այս հարցը դուք տալի՞ս եք Ռուսաստանին»։

Ռոզա Հակոբյան

Տեսանյութեր

Լրահոս