
Չինաստանում Նոբելյան մրցանակի դափնեկրին բանտից ազատել են անբուժելի հիվանդության պատճառով

Չինացի իրավապաշտպան, 2010 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Լյու Սյաոբոն, որը հայրենիքում 11 տարվա բանտարկության էր դատապարտվել պետական կարգի տապալում հրահրելու համար, բանտից ազատվել է նրա մոտ լյարդի քաղցկեղի ախտորոշման կապակցությամբ: Այդ մասին հունիսի 26-ին հայտնել է South China Morning Post-ը:
Ախտորոշումը տրվել էր մայիսի 23-ին եւ այժմ, Լյու Սյաոբոյի փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալը գտնվում է Շենյանի հիվանդանոցում: Բանտից դուրս բուժվելու վերաբերյալ նրա խնդրագիրը բավարարվել է: Դատապաշտպանը հայտարարել է, որ Լյու Սյաոբոն չի պատրաստվում բուժման մեկնել արտասահման:
Լյու Սյաոբոյին 2008 թվականին ձերբակալել էին այն բանից հետո, երբ նա ստորագրեց Խարտիա-08-ը՝ ժողովրդավարական բարեփոխումների պահանջով: 2009 թվականի դեկտեմբերին 11 տարվա բանտարկության էր դատապարտվել պետական կարգի տապալում հրահրելու համար:
2010 թվականի հոկտեմբերի 8-ին Լյու Սյաոբոն Խաղաղության Նոբելյան մրցանակի է արժանացել հանուն Չինաստանում մարդու հիմնական իրավունքների երկարատեւ եւ ոչ բռնի պայքարի համար: Երկրի զանգվածային լրատվամիջոցները ոչինչ չեն հայտնել նրան այդ պարգեւը շնորհելու մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: