Ստալին. Պուտին, Պուշկին. ռուսաստանցիներն ընտրել են պատմության մեջ ամենանշանավոր անհատներին
«Լեւադա-Կենտրոն»-ի սոցիոլոգները ռուսաստանցիներին խնդրել են նշել բոլոր ժամանակների ու ժողովուրդների ամենանշանավոր մարդկանց: Առաջին հնգյակում հայտնվել են՝ Իոսիֆ Ստալինը (38 տոկոս), Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Պուշկինը (34-ական տոկոս), Վլադիմիր Լենինը (32 տոկոս) եւ Պետրոս Առաջինը (29 տոկոս)։
2012 թվականին անցկացված համանման հարցման ժամանակ վարկանիշի առաջին հինգ տեղերն զբաղեցրել են նույն այդ անձինք, բայց նրանց անուններն այլ հաջորդականությամբ էին դասավորված: Առաջին տեղում նույնպես Ստալինն էր (42 տոկոս), նրան հաջորդում էին Լենինն ու Պետրոս Առաջինը (37-ական տոկոս), Պուշկինը (29 տոկոս), Պուտինը (22 տոկոս):
Այս տարի վարկանիշի առաջին տասնյակում տեղ են գտել Յուրի Գագարինը (20 տոկոս), Լեւ Տոլստոյը (12 տոկոս՝ 2012 թվականի 24 տոկոսի դիմաց), Գեորգի Ժուկովը (12 տոկոս), Եկատերինա Երկրորդը եւ Միխայիլ Լերմոնտովը (11-ական տոկոս): Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Լեւադա Կենտրոնից»:
Վարկանիշի երկրորդ տասնյակում են՝ Միխայիլ Լոմոնոսովը, Ալեքսանդր Սուվորովը, Դմիտրի Մենդելեեւը (10-ական տոկոս), Նապոլեոնը (9 տոկոս), Լեոնիդ Բրեժնեւը (8 տոկոս), Ալբերտ Էյնշտեյնը, Սերգեյ Եսենինը, Միխայիլ Կուտուզովը, Իսահակ Նյուտոնը (7-ական տոկոս), Միխայիլ Գորբաչովը (6 տոկոս):
Բոլոր պատասխանների տոկոսային գումարը գերազանցում է 100 տոկոսը, քանի որ հարցման մասնակիցներն իրենք էլ էին անուններ նշում եւ կարող էին պատասխանը տալ մի քանի տարբերակով:
Հարցումը 18-ից բարձր տարիքի 1600 մարդկանց շրջանում ապրիլի 7-10-ն անցկացվել է ՌԴ-ի 48 տարածաշրջանների 137 բնակավայրերում: