«ՀՆԱ-ի տեսանկյունից պարտքի առումով մենք նվազագույն շեմ ունեցող երկրների շարքում ենք, դեռ չենք հասել սահմանագծին». Վարդան Արամյան
Անցած տարի Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմել է 5.9 մլրդ դոլար, որից 5.4 մլրդ դոլարը կառավարության պատքն է, Կենտրոնական բանկինը` 505 մլն դոլար: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2017թ. Բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Ըստ նրա`արտաքին պարտքը կազմել է 4.3 մլրդ դոլար, ներքին պարտքը` 1 մլրդ 137 մլն դոլար, 146 մլն դոլար եղել է կառավարության երաշխիքներով տրված պարտքը: Վ. Արամյանի խոսքով` 2015-16թթ-ին վերցված արտաքին պարտքն ընդհանուր 910 մլն դոլար է:
«Եթե պարտք չվեցնեինք և չներդնեինք տնտեսության մեջ, երկու էֆեկտ էր լինելու` ոչ միայն տնեսական ավելի ցածր ցուցանիշներ կունենայինք, անգամ բացասական ցուցանիշներ, այլ նաև արտարժութային շուկայում ճնշումներ կլինեին»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ շեշտադրումը փոխվել է դեպի ներքին պարտք, քանի որ ներքին պարտքն ավելի հուսալի է, քան արտաքինը, որովհետև ներքինը տրվում է սեփական ռեզիդենտներին և գումարը շրջանառվում է ներսում, ստեղծվում է մուլտիպլիկատիվ էֆեկտ: Վ.Արամյանի խոսքով` համաշխարհային տնտեսությունում ճգնաժամերը գալիս են արտաքին պարտքերի հետևանքով, ներքին պարտքը ճգնաժամեր չի ստեղծում:
«ՀՆԱ-ի տեսանկյունից պարտքի առումով մենք նվազագույն շեմ ունեցող երկրների շարքում ենք, դեռ չենք հասել սահմանագծին»,- ասաց Արամյանը: