Գերմանիան արգելել է ԱՄՆ-ում հետախուզման մեջ հայտարարված Էրդողանի թիկնազորի անդամներին գալ Համբուրգ
Համբուրգ քաղաքում կայանալիք G-20 գագաթնաժողովին ընդառաջ գերմանական կողմը հայտնել է, որ չի ցանկանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի անդամներից մի քանիսի մուտքը երկիր: Այս մասին հայտնում է Welt am Sonntag պարբերականը:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից պաշտոնական Անկարային հայտնել են, որ չեն ցանկանում իրենց երկրում տեսնել Էրդողանի թիկնազորի այն 12 անդամներին, ովքեր Վաշինգտոնում հարձակվել էին ցուցարարների վրա և ում նկատմամբ կա կալանքի որոշում:
Բացի այդ, Welt am Sonntag-ը հայտնում է, որ Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային գրասենյակից թուրքական կողմին նախազգուշացրել են, որ հնարավոր բողոքի ցույցերի պարագայում թիկնազորի անդամներն իրավունք չունեն միջամտելու:
Համբուրգի ներքին գործերի նախարարությունից էլ հայտնել են, որ թույլ չեն տալու իրենց քաղաքում Վաշինգտոնում տեղի ունեցած դեպքերի կրկնությունը: «Մեր փողոցներում անցնում է Համբուրգի ոստիկանության խոսքը»,- հայտնել են գերատեսչությունից:
Համբուրգում կայանալիք G-20 գագաթնաժողովի շրջանակում ակնկալվում են բողոքի ակցիաներ: Մասնավորապես հայտնի է, որ Քրդական բանվորական կուսակցության (PKK) կողմնակիցները Թուրքիայի ղեկավարության դեմ բողոքի ակցիա են կազմակերպում:
Միացյալ Նահանգներ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ են դարձել: Մի քանի վիրավորներ արնաշաղախ հիվանդանոց են տեղափոխվել: Հայտնի է դարձել, որ հարձակումն իրականացրել են Էրդողանի անվտանգության աշխատակիցները: Ավելի ուշ հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է հենց Էրդողանը տալիս ցուցարարների վրա հարձակվելու հրահանգը:
Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերը և ոստիկանապետ Փիթեր Նյուշեմը հունիսի 15-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակից խմբի 12 անդամի ձերբակալության հրաման է տրվել:
Հարձակմանը մասնակից ԱՄՆ երկու թուրք քաղաքացի արդեն ձերբակալված են: