
Կոլումբիայի նախագահը հաստատել է խորտակված զբոսանավի վեց ուղևորների զոհվելը

Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հաստատել է վեց ուղևորների զոհվելը երկրի Անտիոքիայի նահանգում զբոսանավի խորտակվելու հետևանքով: Նրա հայտարարությունը հունիսի 26-ին հրապարակել է Excelsior թերթը։
«Ներկայում մենք տեղեկատվություն ունենք այն մասին, որ զոհվել է վեց մարդ, 122-ը ողջ են և գտնվում են լավ վիճակում, անհայտ կորած է համարվում 31 հոգի»,- հայտարարել է նախագահը, որը ժամանել է նավի խորտակման վայր՝ հավելելով, որ որոնողափրկարարական գործողությունը կշարունակվի:
Ավելի վաղ El Mundo-ն հայտնել էր ինը զոհվածների ու 28 անհայտ կորածների մասին: Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 25-ին տեղական ժամանակով ժամը 14:00-ին (Երևանի ժամանակով ժամը 23:00-ին): Նավը, որի վրա եղել է ավելի քան 150 մարդ, խորտակվել է Պենիոլե-Գուատապե ջրամբարում՝ Անտիոքիայի նահանգի Մեդելին քաղաքից ոչ հեռու, հաղորդել է ՏԱՍՍ-ը: