«Ֆուտբոլը ոչ միայն՝ ոտքերի, այլև՝ ուղեղի խաղ է». Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում պատմել է այն մասին, թե ինչպիսի աշակերտ է եղել դպրոցում:
Մխիթարյանը պատմել է իր մանկության, սիրելի առարկաների և միայն ուսման վրա կենտրոնացած լինելու մասին:
Հենրիխը պատմել է, որ փոքր տարիքում միայն սովորում էր և չուներ ֆոււտբոլի վրա կենտրոնանալու ժամանակ:
«Ես գնում էի մարզումների, բայց անկեղծ լինեմ, հիմնականում մտածում էի դպրոցի մասին, քանի որ դա շատ կարևոր էր»:
Մխիթարյանը նշել է նաև, որ սիրել և սովորել է բոլոր առարկաները: Նա բոլոր ուսուցիչների հետ ունեցել է լավ հարաբերություններ և դպրոցում երբեք խնդիրներ չի ունեցել:
Հենրիխը խոսել է նաև իր առաջին թիմի մասին:
«Խաղում էի իմ դասընկերների հետ, մենք ավագ չունեինք, պարզապես թիմ էին ստեղծել ու մյուս դասարանների հետ էինք խաղում: Ոչ ոք չէր համարձակվում խաղալ մեզ հետ, քանի որ գիտեին, որ մենք ուժեղ ենք և հեշտորեն կհաղթենք իրենց»:
Մխիթարյանը զրույցի ընթացքում կատակել է՝ նշելով, որ դպրոցական տարիներին հրաշալի էին իր բոլոր գոլերը:
Հենրիխը պատմել է նաև, որ փոքր տարիքում շատ էր խաղում բասկետբոլ:
«Ֆիզկուլտուրայի ժամերին հիմնականում բասկետբոլ էինք խաղում, երբեմն՝ նաև սեղանի թենիս: Մենք մեծ թիմով էինք խաղում, և դա շատ զվարճալի էր:
Սակայն, բոլոր մարզաձևերից զատ, ինձ համար առաջնայինը եղել է ֆուտբոլը: Քանի որ ֆուտբոլը ոչ միայն՝ ոտքերի, այլև՝ ուղեղի խաղ է»:
Սիրարփի Աղաբաբյան