«Քաղաքապետարանի աշխատանքը չի կարելի դարձնել թատրոն». ի՞նչ է կատարվել «Երկիր Ծիրանի» խմբակցությունում

Արդեն տեղեկացրել ենք, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու անդամներ Մնացական Պարակշիևը և Հայկ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել են՝ վայր չեն դնելու ավագանու մանդատները, փոխարենը՝ որոշել են դուրս գալ «Երկիր Ծիրանիի» ավագանու խմբակցությունից։

Լրագրողները նշեցին, որ այս պատմության մեջ մութ բան կա, որը շատ հարցեր է առաջացնում, ինչին ի պատասխան՝ Հայկ Պետրոսյանն ասաց. «Մեզ համար էլ էին շատ անսպասելի այդպիսի կոնկրետ մեղադրանքները մեր կողմը։ Ես ուղղակի կառաջարկեմ՝ իրենց դիմեք և փորձեք այդ հարցը պարզաբանել իրենց կողմից։ Մեր հիմնական ենթադրությունն այն է, որ կար ոճային տարբերություն. մենք ուզում էինք հարցերին մոտենալ սառնասրտորեն և հետևողական, և մեր առաջնային խնդիրը պետք է լիներ Երևանի ծրագրի խնդիրների իրականացումը, իսկ մեր մնացած գործընկերներն ավելի կողմնակից էին՝ էմոցիոնալ երանգներ հաղորդելով ամեն հարցին անընդմեջ, որն ըստ մեզ՝ արդյունավետ չէր լինի»։

Մնացական Պարակշիևն էլ նշեց, որ հիմնական տարաձայնությունը ոչ թե կոնկրետ ավագանու առաջին նիստին է եղել, այլ դրանից առաջ էլ. «Այդ օրը գագաթնակետը եղավ։ Հիմնական տարաձայնությունը գործելաոճի խնդիրն էր, մոտեցումների։ Քաղաքապետարանի աշխատանքը չի կարելի դարձնել թատրոն»։

168.am-ը հետաքրքրվեց՝ «Ելք» դաշինքից այս ընթացքում հայտարարություններ եղան, թե փորձել եք համագործակցել իրենց հետ, դա ճի՞շտ է։ Ի պատասխան՝ Հայկ Պետրոսյանն ասաց, որ դա իրականությանը չի համապատասխանում. «Ես դա ճշտել եմ իրենց ֆրակցիայի ղեկավարի հետ, անձամբ կարդացել եմ այդ հարցազրույցը, և ցավով պետք է նշեմ, որ մեր լրագրողները վերնագիր են դնում բաներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Ինքը լրագրողներին ասել էր, որ իրենք իրենց ֆրակցիայում քննարկել են այդ հարցը և ենթադրում են, որ մենք մեր ֆրակցիայում քննարկել ենք այդ հարցը։ Սակայն ես հայտարարում եմ՝ անձամբ ես «Ելքի» հետ որևէ համագործակցության մասին խոսակցություն քարոզարշավի ընթացքում և մինչև ուրբաթ օրը տեղի չի ունեցել, և ես այդպիսի բաներ ֆրակցիայի մեջքի հետևից չեմ արել»։

Կարդացեք նաև

Լրագրողների հարցին՝ մինչև ընտրությունները չգիտեի՞ն, թե «Երկիր Ծիրանին» ինչ մոտեցումներ ունի, որ որոշեցին կուսակցության կազմով Երևանի ավագանու անդամ ընտրվել, Հայկ Պետրոսյանը պատասխանեց.

«Քարոզարշավը վառ ապացույց է, որ մենք այդ գործելաոճին դեմ գնացել ենք։ Մենք անակնկալի չենք բերել կուսակցությանը։ Քարոզարշավի ընթացքում որոշ կոմպրոմիսների գնացել ենք, և ընդունվել է նաև մեր գործելաոճը։ Ուստի, երբ քննարկումը սկսվեց, մենք մտածեցինք, որ խուրհուրդը կլինի ողջամիտ և կընդունի նաև մեր առաջարկները՝ ապագա աշխատանքի մասին։ Ես ուզում եմ շեշտել՝ մենք չէինք ասում, որ լինելու է այլ ձևով, մենք ուղղակի առաջարկում էինք լինել ավելի արդյունավետ և բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել, որ խնդիրները լուծվեն։ Իսկ դրա համար մենք պետք է լինեինք ավելի ողջամիտ»։

Բանախոսները նշեցին, որ իրենք գործելու են ընդդիմադիր դաշտում, բայց «Ելքին» դեռ չեն միանա, որովհետև դեռ պետք է հասկանան՝ ընդդիմադի՞ր է, թե՞ ոչ։

«Դա նշանակում է, որ ես իմ կյանքի ընթացքում մարդկանց և խմբակցություններին գնահատում եմ միայն իրենց գործելաոճով։ Ինձ համար կապ չունի՝ եթե մեկն ասում է, որ ընդդիմադիր է, բայց գործի մեջ դա չենք տեսնում։ Իրենք հայտարարել են, որ ընդդիմադիր են, սակայն ժամանակի ընթացքում մենք կտեսնենք՝ ընդդիմադի՞ր են, թե՞ ոչ»,- պարզաբանեց Հայկ Պետրոսյանը։

Լրագրողի հարցին՝ ինքը եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և ծանոթ է կուսակցության աշխատանքներին, չի՞ պարզել՝ այդ կուսակցությունն ինչ քաղաքական  դիրքորոշում ունի, Հայկ Պետրոսյանը պատասխանեց.

«Ես ոչինչ չեմ պարզել կուսակցության դիրքորոշումների մասին, դրա համար էլ դուրս եմ եկել, որովհետև, եթե կարողանայի պարզել՝ իրենք ինչ քաղաքական դիրքորոշում ունեին, գուցե շարունակեի իմ աշխատանքը։ Սակայն կուսակցությունը չէր կողմնորոշվել ինձ համար կարևոր հարցերի շուրջ, և նախորդ տարվա նոյեմբերից ի վեր ես իրենց աշխատանքին չեմ հետևել, որ գնահատական տամ։ Ժամանակը ցույց կտա՝ իրենք ընդդիմադի՞ր են, թե՞ ոչ»։

Տեսանյութեր

Լրահոս