«Դեպի ԵՄ տարածք հայկական ապրանքների արտահանման հիմնական մասն օգտվում է «GSP+» համակարգից»
«GSP+» համակարգին անցնելով` Հայաստանն ունի դեպի ԵՄ տարածք արտահանման շարունակական աճ: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
Նրա խոսքով` դեպի ԵՄ տարածք արտահանման զգալի մասն օգտվում է հենց այս համակարգից:
Ըստ նրա՝ դրա շնորհիվ հայկական այն ապրանքները, որոնք մտնում են «GSP+» համակարգով նշված 6400 ապրանքի ցանկում, ստանում են զրոյական մաքսատուրք:
«Այն էժանացնում է մեր տեղական արտադրանքը ԵՄ-ի շուկայում և ավելացնում մրցակցային առավելությունն այլ ապրանքների նկատմամբ: Սա կարևոր հանգամանք է, քանի որ կազմակերպություններին հնարավորություն է տալիս էլ ավելի արդյունավետ ներկայացնելու իրենց ապրանքն այդ շուկայում: Ունենք կոնկրետ շեշտադրում, որպեսզի ընդլայնվի ապրանքային կառուցվածքը, քանի որ շատ ձեռնտու է հնարավորինս մեծ տեսականի ունեցող ապրանքներ արտահանել ԵՄ տարածք»,- ասաց Մելքոնյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանից արտահանման ընդհանուր կառուցվածքում «GSP+» համակարգից հիմնականում օգտվում են խոշոր ապրանքային խմբերը, մասնավորապես` մետալուրգիայի արտադրանքը, սնունդը, տեքստիլը, խմիչքները, ձկնամթերքը:
Ըստ Գարեգին Մելքոնյանի՝ Հայաստանը միակն է տարածաշրջանում, որն օգտվում է «GSP+»-ից: Փոխնախարարը նաև նշեց, որ «GSP+» համակարգի առավելությունը «GSP»-ի հետ համեմատած կայանում է նրանում, որ ունի անհամեմատ ավելի մեծ ապրանքային ծածկույթ և ապրանքների մեծ քանակի մասով դրույքաչափերի մաքսատուրքը ոչ թե իջեցվում է, այլ զրոյացվում: