«Այս սցենարը կձախողվի միայն մի պարագայում». Նիկոլ Փաշինյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ կառավարության ծրագրի քննարկումներից պարզ դարձավ՝ ծրագրի տերը և պատասխանատուն ոչ թե կառավարությունն է՝ ի դեմս Կարեն Կարապետյանի, այլ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ի ղեկավար Սերժ Սարգսյանը։

«Առնվազն 3 անգամ իմ ներկայությամբ ՀՀԿ-ականներն ասում են՝ մենք դատապարտված ենք այս հավակնոտ ծրագիրն իրականացնել։ Շատ լավ, եկեք՝ վերլուծենք իրավիճակը՝ դիտարկելով 2012թ. կառավարության ներկայացրած հնգամյա ծրագիրը և տեսնենք՝ այս ծրագրում ի՞նչ կոնկրետ, չափելի կետեր կան ու դրանք ի՞նչ վիճակում են։ Օրինակ՝ 2012-17թթ. կառավարության ծրագրում գրված է՝ կրթությունը հասանելի դարձնելու նպատակով անվճար կրթություն է ապահովվելու սոցիալապես անապահով խավերի համար՝ ներառյալ բարձրագույն կրթությունը։ Հիմա՝ թան էլ չէ՝ բրդած մածուն։ 2012թ. ծրագրում ասվում է, որ յուրաքանչյուր առաջին դասարանցի աշակերտին անվճար տրամադրվելու է համակարգիչ։

Նախորդ 5 տարվա ընթացքում այս դահլիճում մի քանի անգամ բարձրացրել եմ այս հարցը։ Այս իրավիճակն ինձ հիշեցնում է «պեռաշկու» մասին հայտնի անեկդոտը. մեկը մսով «պեռաշկի» է առնում, մի հատ կծում է ու ասում՝ բա ո՞ւր է միսը, ասում է՝ դեռ չես հասել։ Մի հատ էլ է կծում, ասում է՝ բա ո՞ւր է միսը, ասում է՝ անցար արդեն»,-նշեց Փաշինյանը։

Մեջբերելով 2012թ. կառավարության ծրագրից ևս մեկ կետ, Փաշինյանն ընդգծեց. «Տեսեք՝ ինչ են արձանագրել. «Մենք կարողացանք բանակաշինությամբ և ակտիվ արտաքին քաղաքականությամբ ապահովել մեր երկրի անվտանգությունը՝ ամրապնդելով մեր կողմից պարտադրված խաղաղության երաշխիքները»։ Իրավիճակի ինչպիսի խորաթափանց ընկալում։ Մինչդեռ, այսօր բոլորն, առանց բացառության, ընդունում են, որ ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի կառավարման արդյունքում ՀՀ-ն տանուլ է տվել Ադրբեջանի հետ ռազմական բալանսը։ Ու հիմա էլ պատեհ-անպատեհ՝ «իսկանդեր-իսկանդեր»։ Երեկ Սարոյանը, որ կարկուտի մասին խոսում էր, ուզում էի ասել՝ գուցե այդ իսկանդերը փորձեք՝ կարկուտի ամպերը ցրելու համար։ Այս իշխանությունն առաջին անգամ հրադադարի ռեժիմի հաստատումից հետո տարածք է զիջել Ադրբեջանին։ 2008թ. Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 2-ին հայտարարեց՝ առաջիկա ամիսներին ՀՀ-ն սկսում է նոր ատոմակայանի կառուցումը։ Հետո գրեցեին-գրեցին կառավարության ծրագրերում, այս ծրագրում ոչ մի ակնակրկ՝ մոռացանք դրա մասին»։

Պատգամավորը նշեց, որ այնուամենայնիվ, ուզում է խոստովանել՝ կա մի շատ ռազմավարական կետ, որ Սերժ Սարգսյանի և հանրապետականի իշխանությունն իրականացրել է. «2012թ. ծրագրում գրել էին. «Կառավարությունն ավարտին կհասցնի Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի, այդ թվում՝ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունը»։ Կատարել են 100%-ով, ավարտին են հասցրել ու բանակցված փաստաթուղթը գցել աղբանոցը։ Էս մարդիկ հո չե՞ն ասել՝ ստորագրելու ենք, ասել են՝ ավարտին կհասցնենք բանակցությունը, ավարտին են հասցրել։ Այս է ամբողջ իրականությունը։ Եվ հիմա այստեղ հարցեր են հնչում, ասում են՝ ի՞նչ տարբերություն ձեզ համար՝ ով է լինելու 2018թ. վարչապետը. կա տարբերություն, որովհետև եթե դուք պրոցեսները տանում եք այնպես, որ Սերժ Սարգսյանին էլի կարգեք վարչապետ, այո, կա տարբերություն։ Այս ամենն ասվում է նրա համար, որ արձանագրվի՝ Սերժ Սարգսյանը ՀՀ բոլոր ձախողումների, որոնք արդեն փաստացի ապացուցված են, թիվ 1 խատասխանատուն է»։

Փաշինյանը նկատեց՝ իշխող ուժն անընդհատ խոսում է անվտանգության մասին. «Ի՞նչ անվտանգության մասին եք խոսում, ամեն շաբաթ զոհերի՞, հեկտար-հեկտար տարածքները կորցնելո՞ւ։ Հանկարծ չփորձեք նախկին պաշտոնյաների վրա գցել։ Էդ որ տանում էիք՝ խրամատներում «կոնսերվի կոկոշները» շարում էիք, ո՞վ էր այդ ժամանակ «կոնսերվի կոկոշների» գերագույն գլխավոր հրամանատարը, ե՞ս էի։ Էդ, որ հիմա ասում եք՝ առաջնագիծը կահավորվել է, ինչո՞վ է կահավորվել. մարդկանց նվիրատվություններով։ Այդ նվիրատվությունների 70-90%-ը արվել է ՀՀ պետական համակարգի աշխատողների աշխատավարձերը պահելով։ Հատուկ հաշվեհամարին արված մոտ 5 մլրդ նվիրատվությունից շատ չնչին տոկոսն է արել Սփյուռքը, ինչը նշանակում է, որ այս իշխանությունը սպառել է վստահության բոլոր ռեսուրսները։ Անձամբ Սերժ Սարգսյանն է պատասխանատու»։

Նա նշեց, որ երբ իշխող ուժը խոսում է վստահության քվե ստանալու մասին, թող բացահայտի նաև դրա գինը. «Քանի՞ հատ 10 հազար դրամ եք ծախսել՝ այդ վստահության քվեն ստանալու համար։ Մի հատ էլ ակնարկում են՝ մինչև 2040 թիվը տեսլական ունենք։ Էդ ուզում եք ասել՝ մինչև 2040 թիվը Սերժ Սարգսյանը Հայաստանում իշխանության ղեկին է լինելո՞ւ։ Ես ուզում եմ պարզ արձանագրել՝ պրոցեսները տարվում են այնպես, որ այս կառավարությունը և վարչապետն անձամբ նախորդ բոլոր կառավարությունների վրա քավության նոխազի դերում վերջում ասեն՝ չեղավ։ Թիվ մեկ պատասխանատուն ո՛չ Կարեն Կարապետյանն է, ո՛չ Հովիկ Աբրահամյանը, ո՛չ Տիգրան Սարգսյանը, պատասխանատուն Սերժ Սարգսյանն է և նա պետք է կրի իր պատասխանատվությունը։ Բայց էլի եմ ասում՝ այնուամենայնիվ, գնդակը հանրության դաշտում է։ Եվ այս սցենարը կձախողվի միայն մի պարագայում՝ եթե ՀՀԿ-ն տեսնի, որ ժողովուրդը, որի մի մասը թեկուզ ընտրակաշառքով քվեարկել է ՀՀԿ-ի օգտին, դուրս կգա փողոց և թույլ չի տա խայտառակ այդ գործընթացը»։

Վերջում հավելեց՝ քանի որ ներկայացված ծրագիրը ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի ծրագիրն է, «Ելք» խմբակցությունը դեմ է քվեարկելու։

Տեսանյութեր

Լրահոս