«Մինչև 2040 թվականը ՀՀԿ-ն ունի տեսլական». Կորյուն Նահապետյան (ուղիղ միացում՝ ԱԺ-ից)

ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց՝ ուզում է «ջիգյարով» պաշտպանել կառավարության ծրագիրը։

«Սա այն բառն էր, որը գործածեց վարչապետը մեր ներկուսակցական քննարկումների ժամանակ։ Այս ծրագիրն էապես տարբերվում է նախորդող բոլոր կառավարությունների ներկայացրած ծրագրերից թե՛ բովանդակությամբ, թե՛ հստակությամբ, և թե՛ գերակայություններն ու առաջնահերթություններն իրականացնելու հստակ ժամկետներով։ Այս ծրագիրը համընդգրկուն է, այն իր կառուցվածքով նույնպես էապես տարբերվում է մնացած ծրագրերից։ Իհարկե, քաղաքական ճաշակի խնդիր է՝ ինչ ծավալ պետք է ունենա կառավարության ծրագիրը»,- պարզաբանեց նա։

Նահապետյանը կառավարության ծրագրում տեսնում է նաև բավարար քաղաքական կամք և հենարան՝ այն իրագործելու համար. «Երեկ հնչեցին մի շարք հարցադրումներ՝ կապված վարչապետի հետագա պաշտոնավարման, կառավարության ծրագրի ժամկետի և այլնի հետ կապված, որոնք զուրկ են քաղաքական տրամաբանությունից։ Ակնհայտ է մի բան, որ կառավարության այս ծրագիրն իր հիմքում ունի ԱԺ-ում ձևավորված այն արդյունքը, որ մենք այսօր տեսնում ենք, և ըստ էության, 5 տարվա կտրվածքով իրականացնելու ենք քաղաքական ծրագիր։ Թե ովքեր և ինչ կազմով են իրականացնելու հարցերի պատասխանը մենք այսօր ունենք, կունենանք նաև 2018թ., երբ սահմանադրական փոփոխությունների հիման վրա կձևավորվի նոր կառավարություն։ Ակնհայտ է, որ մենք այսօր գտնվում ենք անցումային շրջանում, որը պետք է սահուն, առանց որևէ քաղաքական ցնցումների անցնենք։ Որևէ կերպ չպետք է վտանգենք մեր երկրի կայունությունն ու անվտանգությունը»։

Նա ընդգծեց՝ 2018թ. կառավարության հրաժարականը որևէ կերպ չի նշանակում, որ ներկայացված քաղաքական ծրագիրը չի ունենալու շարունակություն. «Նախագահը ԱԺ իր ելույթում ավելի երկար ժամկետների մասին խոսեց. Մինչև 2040 թվականը մենք ունենք տեսլական, որի իրագործման համար կարևոր է նաև հասականալ՝ ինչպիսի քաղաքական առաջնահերթություններ ունենք ու ինչ ծրագրեր պետք է իրականանցնենք դրանց հասնելու համար։ Այդ իմաստով՝ էական չէ, թե 2040 թվականին ով է լինելու վարչապետը, էականն այն է, որ մենք ունենք հստակ նախանշված ծրագրեր, որոնք կյանքի ենք կոչելու։ Այդ իմաստով՝ հարցադրումները, թե ով է լինելու վարչապետը, ժամանակավրեպ են, վաղաժամ և ամենևին կարիք չկա այսօր այդ հարցադրմանը լուրջ վերաբերվելու։ Դա քաղաքական խայծ է, որ այսօր բերվում է օրակարգ՝ ինտրիգներ հյուսելու մեր իրական քաղաքականության մեջ»։

ԱԺ նիստին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

Տեսանյութեր

Լրահոս