«Իմա՞ստը». Արամ Սարգսյանը՝ կառավարության ծրագրի մասին

ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր խորհրդարանում խոսելով կառավարության ծրագրի մասին՝ ասաց, որ գուցե ինքը ճիշտ չէ, բայց համարում է, որ սա ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ծրագիրն է. «Ինքն է այս ծրագիրը պատրաստել, ինքն է պատասխանում հարցերին, ինքն է ելույթ ունենում։ Վստահեցնում եմ ձեզ, որ ՀՀ բնակչության 99%-ից ավելին ինձ նման սխալվում է՝ մտածելով, որ սա վարչապետի ծրագիրն է»։

Սարգսյանն ընդգծեց՝ հարգելով ծրագիրը գրող անձանց՝ ուշի ուշով կարմիր մատիտով ուսումնասիրել է ծրագիրը, ու վերջում ինքն իրեն հարց տվել՝ իմա՞ստը. «Ես շատ ուզում էի հասկանալ՝ այսօրվա մեր աշխարհաքաղաքական, տնտեսական, ներքաղաքական, բարոյահոգեբանական վիճակներից հետևություններ արե՞լ ենք։ Մենք ինքներս մեզ խոստովանում ենք, թե այսօրվա իրավիճակի թերություններն ու բացթողումները որտեղ են, կարողանում ենք դա բարձրաձայնել, որ դրանից հետո առաջ շարժվենք։ Ցավում եմ, բայց ծրագրում ոչ միայն դա չտեսա, այլ տեսա դրա լրիվ հակառակը»։

Պատգամավորի կարծիքով՝ շատ բնական է, որ այդպես էլ պետք է լիներ. «Այս երկրի առաջին նախագահը, չգիտես ինչու, ստորագրում է բազային պայմանագիր, որը հետո 25 տարով երկարաձգվում է, որում ոչ թե բոլոր նորմալ երկրների նման մեզ են վճարում այդ բազայի համար, այլ դեռ մի բան էլ մենք ենք վճարում։ Այս երկրի երկրորդ նախագահը փաստաթուղթ է ստորագրում «գույք՝ պարտքի դիմաց», և այդ փաստաթղթից կատարվում է միայն  գույքի հանձնումը, մնացած պարտավորությունները, որ մեր հանդեպ կան, համարյա թե չեն կատարվել։ Այս երկրի երրորդ նախագահը մտնում է ԵՏՄ, որի հետ ոչ ընդհանուր սահման ունենք, որում գտնվող պետությունների հետ նաև ընդհանուր շահեր չունենք՝ ներքին կարգով հիմնավորելով, թե անվտանգության խնդիր ունենք։ Ու նույն այդ մեր ռազմավարական գործընկերը, մեր՝ ԵՏՄ մտնելուց հետո, շարունակում է զենքի վաճառքը մեր հակառակորդ երկրին»։

Նա հիշեցրեց, որ 2015թ. նույն դահլիճում նստած շատերի համաձայնությամբ Հայաստանը Ռուսաստանի «Գազպրոմի» հետ փաստաթուղթ ստորագրեց, որ մինչև 2043թ. մենք որևէ գազային պայմանագիր չենք ստորագրի, որը կհակասի «Գազպրոմի» շահերին. «Հետևաբար՝ մենք ի՞նչ ենք սպասում, որ այս փաստաթղթում պետք է խոսք լինի Իրան-Հայաստան գազատարի մասին, այդ գազատարի տարանցիկ լինելու մասին, նավթամուղների, ճանապարհների, Իրան-Հայաստան երկաթգծի մասին, Արաքսի վրա կառուցվող հէկ-ի մասին, նոր ատոմակայան կառուցելու մասին, որը գործող նախագահի խոստումն էր, էլ չեմ խոսում վերականգնվող էներգետիկայի մասին։ Ինչպե՞ս կարող էր այդ մասին խոսք լինել, ակնհայտ է, չէ՞, որ ԱՄՆ դեսպանի կիջոցով դա հաղորդվեց մեզ»։

Ավարտելով խոսքը՝ նա հետևյալն ասաց. «Շարմազանովի ելույթից հասկացա, որ գործող վարչապետի այն խոստմանը, որ ինքը բարեխոսողներից չէ, նա հակադարձեց, որ որոշողն իրենք են։ Ես եկա այն եզրակացության, որ կառավարության այս ծրագիրն էլ 7 ամսվա ճակատագիր ունի։ Մոտավորապես այդ վերաբերմունքն էլ ունեմ այս ծրագրին»։

Տեսանյութեր

Լրահոս