Բաժիններ՝

«Կառավարությունը կատարել է տնային աշխատանքը». Վարդան Արամյան

«Մենք կատարել ենք տնային աշխատանք, կատարել ենք վերլուծություն մակրոմակարդակում: Հաշվի ենք առել համաշխարհային տենդենցները, հաշվի ենք առել մեր պոտենցիալը, հաշվի ենք առել բազմաթիվ ցուցանիշներ, ներդրումային ցուցանիշը, արտահանում/ՀՆԱ ցուցանիշը և գնահատել ենք մեր գործողությունների արդյունքը, եթե մեր ծրագիրն իրագործենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` մեկնաբանելով կառավարության գործունեության ծրագրում դրված ցուցանիշների ցածր նշաձողը, վերլուծությունների բացակայությունը: Ըստ նրա` միջազգային կառույցների կողմից Հայաստանի այսօրվա գնահատված տնտեսական աճի պոտենցիալը 3-4%  է, և, եթե կառավարությունն իր առջև դնում է միջինը 5% տնտեսական ցուցանիշ, դա նշանակում է, որ պետք է շատ ճիշտ գնահատել ստարտային իրավիճակները, թե որտեղ ենք գտնվում և ուր ենք գնալու.

«Հետևաբար՝ միջինում 5  տարվա ընթացքում դա չի նշանակում, որ ֆիքսելու ենք 5%, մի տարի կարող է լինել 4.7%, մյուս տարի՝ ավելի շատ, միջինում ձգտելու ենք, որ  5% ցուցանիշն ապահովենք: Պետք է նաև հաշվի առնենք, որ տարեցտարի 5% աճը նախորդ 5%-ի վրա ապահովելն արդեն տնտեսական լուրջ ձեռքբերում է: Եթե նայեք տնտեսական զարգացումները, ընդ որում` շատ կարևոր է, որ հասկանանք, թե համաշխարհային տնտեսությունը որտեղ է գտնվում, և այդ համատեքստում Հայաստանն ուր է գնում: Պարզ ասած, մենք կառավարության ծրագրում դրել ենք այն մոտեցումը, որ ջանքեր ենք գործադրելու, որպեսզի համաշխարհային տնտեսությունից կամ մեզ հետ առևտուր անող տնտեսություններից շատ ավելի բարձր աճի տեմպեր ունենանք»:

Դիտարկմանը, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը 7% աճ էր նպատակադրել, բայց 3%-ն էլ չանցավ, Վ.Արամյանը հակադարձեց, որ  ՌԴ-Արևմուտք տնտեսական պատերազմի մեկնարկը 2013-ին ոչ ոք չէր կարող կանխատեսել, և նշեց, որ աշխարհում միշտ էլ ռիսկ կա տարբեր գործոնների ազդեցությամբ հոսքերի փոփոխության, միջազգային շուկաներում հումքի գների փոփոխության, և այլն:  «Միշտ էլ կան ռիսկեր, մենք պետք է իրատեսական մոտենանք: Դրա համար, որ խոսում ենք 5%, դա հավասարակշռված ցուցանիշ է և ջանք գործադրելու պարագայում մեզ համար հասանելի է»,- վստահեցրեց նախարարը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս