
Հռոմում մահացել է իտալացի նշանավոր մոդելագործ Կառլա Ֆենդին

80 տարեկան հասակում հունիսի 19-ին երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվել է Կառլա Ֆենդին՝ Fendi նորաձեւության տան հիմնադիր հինգ քույրերից մեկը: Այդ մասին հայտնել է Il Messaggero թերթը: Կառլան ավագ քույրերի՝ Պաոլայի, Աննայի, Ֆրանկայի եւ կրտսեր քրոջ՝ Ալդայի հետ միասին 1950-ական թվականներին սկսել է աշխատել հագուստի թողարկման ընտանեկան ընկերությունում՝ այն դարձնելով միջազգային բրենդ: Հենց Կառլան էր գովազդի եւ մարկետինգի հարցերով զբաղվում այն տանը, որտեղ երկար տարիներ դիզայներ է աշխատել Կառլ Լագերֆելդը:
Վերջին տարիներին այն բանից հետո, երբ Fendi մակնիշը վաճառվեց LVMH ֆրանսիական խմբին, Կառլա Ֆենդին գլխավորեց Ֆենդի հիմնադրամը, որը բարեգործությամբ էր զբաղվում մշակույթի բնագավառում: Մասնավորապես, Ֆենդին ամուսնու՝ Կանդիդո Սպերոնիի հետ միասին, որը վախճանվել է 2013 թվականին, ղեկավարում էր «Երկու աշխարհ» արվեստների փառատոնը Սպոլետոյում, ֆինանսավորում էր ռեստավրացիոն աշխատանքները: Ի թիվս այլ գործերի, Ֆենդիի հիմնադրամը ներդրում է արել Հռոմի Տրեւի շատրվանի վերականգնման գործում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: