
Կարելիայում մակույկ է շրջվել. պարզվել է բոլոր տուժածների ինքնությունը

Փրկարարները որոնում են այն երեք դեռահասներին, որոնք Կարելիայում անհայտ կորել են Լադոգա լճում։
Մակույկը, որում եղել է 16-ից մինչեւ 18 տարեկան հինգ մարդ, շրջվել է հունիսի 19-ի երեկոյան: Երկու երիտասարդների գտել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, ինչի մասին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունում:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել հանրապետության Սորտավալայի շրջանի Իմպիլախտի գյուղի շրջանում:
«Պարզվել է բոլոր տուժածների ինքնությունը: Նրանք տեղի բնակիչներ են, որոնք հանգստանում էին լճի ափին: Ծնողների հետ կապ է հաստատված, աշխատում են հոգեբանները»,- «Ինտերֆաքս»-ին ասել են Սորտավալայի շրջանի վարչակազմում: Որոնողական աշխատանքները շարունակվում են:
Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2016 թվականի հունիսի 18-ին, Կարելիայում ողբերգություն տեղ ունեցավ Սյամոզերոյում: Այն ժամանակ շրջվել էր «Պարկ-Օտել Սյամոզերո» ճամբարում հանգստացող երեխաներով նավակը: Դրա հետեւանքով զոհվել էր 14 մարդ, որոնցից 12-ը՝ երեխաներ: 33 հոգու հաջողվել էր փրկել: