Շանտաժ են անում
«Համանախագահներն ընդունում են, որ բանակցային պրոցես չկա և նրանց հիմնական նպատակն այն վերականգնելն է։ Հայտարարությունից երևում է, որ կարծես եկել են համաձայնության, որ վերականգնեն բանկցությունները։ Ադրբեջանն ուղղակի այն վիճակում է, որ նրա առջև կոնկրետ պահանջներ են դրված Վիեննայից և Սանկտ Պետերբուրգից հետո, և խնդիր ունի հանել դրանք։ Անգամ Ռուսաստանի միջոցով դրան չկարողացան հասնել և դրա համար այսպես ուլտիմատիվ կերպով դրել են ու շանտաժ են անում՝ կա՛մ արեք այն, ինչ մենք ենք ուզում, կա՛մ կռվելու ենք։ Բայց կռվել էլ չի կարող, բնական է։ Մնում է շանտաժը, մնում է շփման գիծն անընդհատ թեժ պահելը, սպանություններ անելը։ Հայաստանը պետք է հանի այն հիմքը, որը թույլ է տալիս Ադրբեջանին նման ձևով խնդիրը դնել։ Եթե Ադրբեջանն ասում է՝ «ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Հայաստանը, ճանաչում է այդ տարածքը որպես մեր պետության տարածք» և, եթե մենք և մնացածը լռում ենք, ամեն ինչ կմնա նույնը։ Նրանք չպետք է կարողանան նման բան ասել»,- 168.am-ին ասել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ տարածրջան այցի արդյունքները։
Հարցին՝ ՀՀ-ն պետք է ճանաչի՞ ԼՂՀ-ն, Մ. Սարգսյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ Ադրբեջանի այդ իրավունքը կասկածի տակ դրվի, կամ վերացվի։ Դա այնքան պարզ է։ Մեր քաղաքականությունը պետք է լիներ և լինի այն, որ այդ իրավունքը վերցվեր Ադրբեջանից։ Ուրիշ ճանապարհ չկա։ Իսկ մեզ մոտ անընդհատ ասում են՝ որևէ բան չանենք, խելոք մնանք, որ գուցե բանակցություններն ինչ-որ արդյունքի բերեն»։
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: