
«Հաստատել ստարտափ էկոհամակարգ Հայաստանում և դարձնել այն կայուն». Sevan Startup Summit 2017

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 24-31-ը Սևանա լճի ափին կկայանա արդեն երկրորդ Sevan Startup Summit վրանային բիզնես-ֆորումը:
Վրանային ճամբարից առաջ համաձայնության հուշագիր են ստորագրել «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը, «ԳլոբալԷյԷմ» հ/կ-ն, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» նախագիծը:
Ըստ ստորագրված համաձայնության՝ կողմերն ունենալու են ներգրավվածություն Sevan Startup Summit-ի կազմակերպչական աշխատանքներում: Վրանային ճամբարին կտրամադրվի ոչ միայն ֆինանսական և տեխնիկական աջակցություն, այլև կհրավիրվեն փորձագետներ և խոսնակներ արտերկրից:
«Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հիմնադիր Հակոբ Հակոբյանը նշում է, որ վրանային ճամբարն ու նմանատիպ միջոցառումները կօգնեն զարգացնել հայկական ստարտափները, ինչպես նաև կտան նոր շուկաներ գրավելու հնարավորություն: Ըստ Հակոբ Հակոբյանի՝ նմանատիպ համագործակցությունները պարտավորեցնող են:
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» նախագծի ղեկավար Եվա Մարիա Նահերը նշում է, որ իրենք նպատակ ունեն հայկական ստարտափներին տալ օգտակար բիզնես խորհուրդներ:
«Շատ ուրախ ենք նման համագործակցության համար»,- նշում է Եվա Մարիա Նահերը:
Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Մնացականյանի խոսքով՝ իրենք վստահ են, որ այս տարի սամմիթն ավելի լավ արդյունքների է հասնելու, և իրենք շատ ուրախ են այս միջոցառման կազմակերպիչներից մեկը լինելու համար:
«Այս համագործակցության շնորհիվ մենք կուսումնասիրենք դրսի ամբողջ գիտելիքը և կօգտագործենք այն հայկական ստարտափներում: Այս կերպ մենք ավելի արագ կհաստատենք ստարտափ էկոհամակարգը, և կդարձնենք այն կայուն»,- նշում է «ԳլոբալԷյԷմ» հ/կ նախագահ Գևորգ Պողոսյանը:
Սիրարփի Աղաբաբյան