«Եթե նույնիսկ մենք հիմա ի վիճակի ենք Բաքու մտնել, դա կանենք մեծ զոհերով». Վովա Վարդանով

Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Ադրբեջանում մեկնարկած զորավարժություններին՝ ասաց, որ զորավարժությունները միայն ցուցադրական չեն, դրանք նաև փորձեր են.

«Իրենք տարբեր սցենարներ են մշակում։ Հետաքրքիր է, որ Վրաստանին են փորձում ներգրավել օսմանյան ու մերձկասպյան թուրքերի այդ խաղի մեջ, որին Վրաստանը ստիպված է մասնակցում։ Նախիջևանի տարածքում անցկացվող զորավարժությունները նշանակում են, որ մենք պետք է նաև Սյունիքի ու Վայքի հատվածում պատրաստվենք։ Հասարակության հետ տարվող աշխատանքը ևս շատ կարևոր է. հասարակությանը պաշտպանողական պատերազմի կողմնակից ոնց դարձրել են, այդպես շարունակում է մնալ, իսկ հարձակվողական մարտերն են, որ թույլ կտան իրավիճակը փոխել»։

Վարդանովի խոսքով՝ նոր տենդենց է, որ մերձկասպյան թուրքերն օսմանների մոտ իրենց ինքնաթիռներով են գնում. «Շատ հետաքրքիր նորություն է դա և խոսում է այն մասին, որ իրենք այնքան համոզված են իրենց օդաչուների որակի վրա, որ թույլ են տալիս այդ բազմամիլիոնանոց սարքերի ղեկին նստեն ու երկարաժամկետ թռիչքներ կատարեն։ Կարճ ասած՝ թուրքը պատրաստվում է, և դա ցուցանիշ է, որ թուրքերի զինվորական որակը բարձրանում է. մենք էլ պետք է մերը բարձրացնենք։ Մեր մրցավազքը պետք է լինի ոչ թե սպառազինության մեջ, որովհետև այդտեղ, հասկանալի պատճառներով՝ «տակ ենք տալիս», այլ՝ զինվորականության և հասարակության որակը բարձրացնելու մեջ»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինքը հաճախ է նշում, որ հայկական կողմի պատասխանը պետք է ցավոտ լինի, նույնիսկ Բաքուն գրավելու մասին է խոսում, ի՞նչն է խանգարում, որ հայկական կողմը չի գնում այդ քայլին։

«Եթե նույնիսկ մենք հիմա ի վիճակի ենք Բաքու մտնել, դա կանենք մեծ զոհերով։ Մեզ չի կարելի շատ զոհեր տալ, որովհետև, եթե նույնիսկ փոքրաթիվ ազգ չենք, ապա գոնե ՀՀ-ում քիչ մարդ է բնակվում, և մեծաքանակ զոհերով ինչ-որ նվաճումներ ունենալը կլինի պյուռոսյան հաղթանակ։ Կարճ ասած՝ զինվորականությունն ու հասարակությունը պետք է պատրաստվի. Բաքուն առանց պատրաստվելու վերցնելը կլինի մեծ քանակի զոհերով»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս