Օպտիմալացումը շարունակվելու է
ՀՀ կառավարությունն առաջիկա հինգ տարում նախատեսում է պետական կառավարման արդիականացում և այդ նպատակով արդեն ակտիվորեն սկսել է պետական կառավարման համակարգի օպտիմալացման և աշխատանքի մեթոդների փոփոխության ուղղությամբ աշխատանքների իրականացումը: Դա է լինելու ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարվա գործունեության թիրախներից մեկը։ Այս մասին նշված է կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագրում, որն արտահերթ նիստում արժանացել է կառավարության հավանությանը և ներկայացվել Ազգային ժողով:
Կառավարության մեկ այլ գերակայությունն է լինելու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի թվայնացումը։ Դա վերաբերում է ինչպես պետական կառավարման համակարգի ներսում տեղեկատվության հավաքագրման, փոխանակման և վերլուծության համակարգերի և մեխանիզմների ներդրմանն ու կատարելագործմանը, այնպես էլ պետական կառավարման մարմինների կողմից քաղաքացիներին և գործարարներին մատուցվող ծառայությունների թվայնացմանը և տրամադրմանը` էլեկտրոնային եղանակով։
Պետական ծառայությունների մատուցման ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունքում քաղաքացիների համար հնարավորություն կստեղծվի «մեկ պատուհանի» սկզբունքով ծառայություններ ստանալու՝ բացառելով մի քանի մարմիններ այցելելու անհրաժեշտությունը:
Պետական կառավարման համակարգի արդիականացման ոլորտում գործադիրը նախատեսում է ավելացնել կառավարության անդամների պաշտոնական լիազորությունները և սահմանել դրան համարժեք պատասխանատվություն, վեր հանել և վերացնել պետական կառավարման մարմինների կողմից քաղաքացիներին և տնտեսավարող սուբյեկտներին նվազագույն կոռուպցիոն ռիսկեր պարունակող ծառայությունների մատուցման նպատակով ավելորդ ընթացակարգերը և օղակները, նվազագույնի հասցնել առօրյա կյանքում պետական կառավարման մարմինների հետ անհարկի շփումները, կրճատել պետական կառավարման համակարգի ծախսերը՝ հիմք ընդունելով իրականացվող գործառույթների անհրաժեշտությունն ու փաստացի իրականացումը և այլն:
Նախատեսվում է ընդլայնել քաղաքացիներին և ներդրողներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու համար «մեկ պատուհանի» սկզբունքով մատուցվող ծառայությունների համակարգը՝ օգտագործելով գոյություն ունեցող հարթակները և, որպես ծառայություններ մատուցողներ, ներգրավել նաև մասնավոր սուբյեկտներին, ներդնել հանրային ծառայողների մասնագիտական ունակությունների, ինչպես նաև աշխատանքային պարտականությունների կատարման աստիճանի գնահատման կատարողականության նոր չափանիշներ՝ հիմք ընդունելով հանրային ծառայողի կերպարի արմատական վերափոխման հրամայականը։