
Հանքարդյունաբերողները կրկնապատկել են հարկերը (աղյուսակ)

ՀՀ հանքարդյունաբերության ոլորտի 7 խոշորագույն ընկերությունները միասին 2017 թվականի առաջին եռամսյակում պետբյուջե են վճարել շուրջ 13 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ 2016 թվականի առաջին եռամսյակի նկատմամբ՝ այս ընկերությունների վճարած հարկերն ավելացել են 6.4 մլրդ դրամով կամ 96.5%-ով։ Այս մասին են վկայում ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակվող 1000 խոշոր հարկատուների ցանկի տվյալները, որոնք մշակվել են B4B PRO համակարգի միջոցով։
Հանքարդյունաբերական ընկերությունների թվում խոշորագույն հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որն այս տարվա առաջին եռամսյակում վճարել է 4.7 մլրդ դրամի հարկեր և տուրքր (2.4 անգամ ավելի շատ, քան 2016-ի առաջին եռամսյակում)։
Կապանի լեռնահարստացման կոմբինատը հնգապատկել է հարկերը և հասցրել 3 մլրդ դրամի։
Երրորդ խոշոր հարկատու-հանքարդյունաբերողը Թեղուտն է՝ 2.1 մլրդ դրամի հարկեր։
Ամենից շատ ավելացել են Լիդիան Արմենիայի կողմից վճարվող հարկերը։ Ամուլսարի ոսկու հանքավայրը դեռ չի շահագործվում, սակայն ընկերությունը 2017 թվականի առաջին եռամսյակում վճարել է շուրջ 463 մլն դրամի հարկեր և տուրքեր՝ 8 անգամ ավելի շատ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։