Արցախն արևային էներգիայի ոլորտը զարգացնելու լուրջ պոտենցիալ ունի. փոխնախարար
Արցախի վարչապետի հանձնարարականով Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է արևային էներգիայի ոլորտի հնարավորությունների ուսումնասիրություն:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը:
«Վարչապետը հստակ հանձնարարական է տվել՝ սահմանել ժամանակացույց: Վեցամսյա ժամկետում պետք է մեր մասնագետներն ուսումանսիրեն արևային էներգիայի ոլորտի հնարավորությունները: Ներկայում այդ փուլում ենք, ուսումնաիրություններն ավարտելուց հետո կներկայացնենք կոնկրետ առաջարկներ արևային էներգիայի ոլորտը զարգացնելու համար»,- ասել է Տ. Գաբրիելյանը և նշել, որ Արցախն արևային էներգիայի ոլորտը զարգացնելու լուրջ պոտենցիալ ունի:
Էկոնոմիկայի փոխնախարարի խոսքով՝ այժմ քարտեզագրման աշխատանքներն են իրականացվում, տարածքներ են առանձնացվում:
«Ուսումնասիրություններն ավելի կոնկրետ ցույց կտան, թե որ հատվածներում կարող ենք արևային կայաններ տեղադրել: Համոզված եմ, որ բավական մեծ հնարավորություններ կան ոլորտի զարգացման համար: Ոլորտով հետաքրքվող ներդրողներ կան: Նրանց կոնկրետ հաշվարկներ պետք է ներկայացվեն: Հետևաբար ուսումնասիրություններն ավարտելուց հետո Արցախի կառավարությունը թիրախավորված կաշխատի ներդրողների հետ: Նախարարությունն առաջնային է համարում նաև արևային էներգիայի կարևորության հետ կապված բնակչության հետ աշխատանքը: Այդ ուղղությամբ տեղեկատվական բնույթի աշխատանքներ տարվում են, ու դրանք շարունակվում են: Վարչապետը հանձնարարել է նաև Քաղաքաշինության նախարարությանն ուսումնասիրել նորակառույց շենքերի տանիքներին արևային էներգիա ստանալու համար նախատեսված սարքավորումները տեղադրելու հնարավորությունները: Բազմակողմանի ուսումնասիրությունների արդյունքները կամփոփվեն սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին»,-ավելացրել է Տ. Գաբրիելյանը: