Ովքեր պետք է աշխատեն ՊԵԿ-ում. Վարդան Հարությունյանը հանձնարարականներ է տվել
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ անդրադառնալով հարկային ծառայության առաջիկա անելիքներին: ՊԵԿ ղեկավարը հստակ խնդիր է դրել՝ իրականացնել համակարգային և որակական փոփոխություններ՝ կարճ ժամանակում հանրությանը տեսանելի դարձնելով արդյունքները:
Անդրադառնալով ՊԵԿ-ում մեկնարկած կառուցվածքային և կադրային փոփոխություններին, կոմիտեի ղեկավարը շեշետել է, որ համակարգի ստեղծումից ի վեր, երկրորդ անգամն են նման խոշորածավալ փոփոխություններ իրականացվում.
«ՊԵԿ-ում, միանշանակ, պետք է աշխատեն նրանք, ովքեր բարձր են պահում համակարգի պատիվը և իրենց ամենօրյա աշխատանքով արդյունավետ պայքարում են արատավոր երևույթների դեմ»:
Վարդան Հարությունյանն այս փուլում կարևորել է նաև իրավական հատվածի բարեփոխումների արդյունավետության բարձրացումը:
Կոմիտեի ղեկավարը նոր թիմից հարկային ծառայողի կերպարի արմատական վերափոխում է ակնկալում՝ սկսած մասնագիտական կարողությունների բարձրացումից մինչև ընդհանուր վարքագծի փոփոխություն: Վարդան Հարությունյանի խոսքով՝ թեպետ վերջին ամիսներին համակարգում աշխատաոճի դրական փոփոխությունները տեսանելի են, այնուամենայնիվ դեռևս գործելաոճի մեջ արմատական բարեփոխումների անհրաժեշտություն կա: Նա հանձնարարել է բացառել հովանավորչությունը, ինչի վերաբերյալ դեռևս ահազանգեր կան:
Կոմիտեի նախագահը միաժամանակ հորդորել է արհեստական խոչընդոտներ չստեղծել բիզնեսի համար, ազատականացնել ընթացակարգերը և մատուցել բացառապես որակյալ ծառայություն.
«Շատ անելիքներ կան, որպեսզի հասարակության վերաբերմունքն ու մոտեցումը փոխվեն: Գործարար, և, ընդհանրապես, ներդրումային մթնոլորտի փոփոխությունը կախված է համակարգի յուրաքանչյուր աշխատակցից, քանի որ բիզնեսմենը հենց ձեզնից է ստանում երկրում գործարարությամբ զբաղվելու, ներդրում անելու առաջին ազդակը»:
ՊԵԿ նախագահը վստահեցրել է, որ խիստ և հետևողական է լինելու առաջադրված խնդիրների լուծման ուղղությամբ ու հորդորել՝ չստվերել բարեփոխումների գործընթացը, նպաստել Հայաստանի բիզնես կլիմայի բարելավմանը:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին