Բաժիններ՝

Կիևում բացվել է «Ուկրաինայի հայկական սրբապատկերները» ցուցահանդեսը

Աստվածածնի հայկական սրբապատկերի օրվա հայտարարման 226-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Կիեւում բացվել է աննախադեպ ցուցահանդես, որը կազմակերպել է Ուկրաինայի հայերի միությունը Ուկրաինայի ճարտարապետների միության եւ «Ուկրաինայի հայեր» քաղաքացիական պլատֆորմի ակտիվիստների օժանդակությամբ։

Հունիսի 13-ին Կիեւի Ճարտարապետի տանը «Ուկրաինայի հայկական սրբապատկերներ» ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել են հայ-ուկրաինական պատմության առավել վառ էջերը:

Ինչպես AnalitikaUA.net-ին հայտնել են Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերի կոմիտեում, ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքները տեւել են ավելի քան յոթ ամիս: Ցուցադրանքում ներկայացված են Ուկրաինայի հայկական տարբեր տաճարների ավելի քան երկու տասնյակ լեգենդար սրբապատկերների վերարտադրություններ: Այդ սրբապատկերները, որոնց շուրջ դարերով լեգենդներ են հյուսել, գրվել են գիտական աշխատություններ, առաջին անգամ են ցուցադրվում լայն հասարակայնությանը: Ինչպես նշել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը.

«Մենք հպարտությամբ ենք ներկայացնում Ուկրաինայի հայերի ժառանգությունը: Այսօր ներկայացված սրբապատկերները մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վկայություններն են»:

Շնորհանդեսն անցկացրել է ուկրաինահայ պատմաբան, ՈւՀՄ-ի պատմամշակութային ժառանգության հարցերի կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը: Ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել, դրա բացմանը ներկա են եղել հայտնի գիտնականներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, հայ եւ ուկրաինական հոգեւորականության, ինչպես նաեւ Ուկրաինայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ:

Հայկական մշակույթին նվիրված եւս մեկ միջոցառում՝ «Հայկական խաչքարեր» ցուցահանդեսը, տեղի կունենա հունիսի 16-27-ին «Սոֆյա Կիեւսկայա» ազգային արգելոցում:

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայ համայնքն ամենախոշորներից ու կազմակերպվածներից մեկն է: Հայերը նկատելի տեղ են գրավում Ուկրաինայի պատմության մեջ: Ժամանակակից Ուկրաինայի տարածքում հայերի հայտնվելը թվագրվում է 11-12-րդ դարերով: Ուկրաինական հողերում գտնվելու բազմադարյան պատմության ընթացքում հայերն ստեղծել են նյութական ու հոգեւոր հսկայական ժառանգություն:

Հայ համայնքն ինտեգրվել է ուկրաինական հասարակությանը՝ ընդսմին պահպանելով իր մշակութային, ազգային ու կրոնական առանձնահատկությունները: Ներկայում Ուկրաինայում ապրում է բազմահազարանոց հայ համայնքը, ազգային համայնքներ են գործում հանրապետության բազմաթիվ քաղաքներում, աշխատում են հասարակական-մշակութային կազմակերպություններ: Հայերը կառուցում են եկեղեցիներ, դպրոցներ, զարգացնում ազգային մշակույթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս