ՀՀ-ում այսուհետ արտակարգ դրություն հայտարարելու լիազորություն կունենա կառավարությունը. Օրենսդրական փոփոխություն
ՀՀ կառավարությունը քննարկելու է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ արտակարգ դրություն հայտարարում է ՀՀ կառավարությունը: Նախագծն ընդգրկված է կառավարության հունիսի 15-ի նիստի օրակարգում:
Այսպիսի ամրագրումը հրամայական է ստեղծել նաև վերանայել արտակարգ դրության ժամանակ ՀՀ կառավարության «նոր» դերը: Մասնավորապես, առանձին հոդվածներ խմբագրելով կամ լրացնելով հստակեցվել են ՀՀ կառավարության դերը և լիազորությունները` արտակարգ դրության հետ կապված իրավահարաբերություններում:
Բացի այդ` վերը բերված փոփոխությունները պայմանավորել են օրենքի որոշ հոդվածներում հասկացությունների վերախմբագրման անհրաժեշտություն: Մասնավորապես, առանձին հոդվածներում Նախագահ սուբյեկտը փոխարինվել է կառավարությամբ, ինչպես նաև վերախմբագրվել են արտակարգ դրության ժամանակ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումների հիմքերը:
Գործող իրավակարգավորումների համաձայն ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարում է ՀՀ Նախագահը: Վերջինս լիազորված է արտակարգ դրություն հայտարարելու հետ մեկտեղ իրականացնել իրավիճակից թելադրվող միջոցառումներ, ինչպես նաև արտակարգ դրություն հայտարարելու և իրականացվող միջոցառումների վերաբերյալ ուղերձով դիմել ժողովրդին և այլն:
2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում նոր խմբագրությամբ շարադրված ՀՀ Սահմանադրության ուժով Հայաստանի Հանրապետությունը անցում կատարեց կառավարման խորհրդարանական ձևին: Այս հանգամանքով պայմանավորված` Նախագահի որոշ գործառույթներ, լիազորություններ այլևս պետք է իրականացնեն մի դեպքում ՀՀ կառավարությունը, մյուս դեպքում` ՀՀ վարչապետը: Ասվածը վերաբերելի է նաև ՀՀում արտակարգ դրություն հայտարարելու իրավասությանը` դրանից բխող իրավական հետևանքներով:
Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի կարգավորումները: