
Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր Նիլս Աննենին

Հունիսի 13-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր, Սոցիալ դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակ Նիլս Աննենին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Գերմանիայի միջև առկա ջերմ ու բարեկամական հարաբերությունները, և այդ համատեքստում կարևորվել է խորհրդարանական դիվանագիտության դերը։
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են տարբեր բնագավառներում հայ-գերմանական համագործակցության առավել ամրապնդման նպատակով համատեղ ձեռնարկվող քայլերին:
Էդվարդ Նալբանդյանն ու Նիլս Աննենը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, դրանց զարգացման հեռանկարների շուրջ՝ վստահություն հայտնելով, որ նոյեմբերին ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր լիցք կհաղորդի ինչպես Հայաստան-ԵՄ, այնպես էլ Հայաստանի և ԵՄ անդամ երկրների միջև համագործակցությանը:
Հայաստանի արտգործնախարարն իր զրուցակցին ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման խաղաղ գործընթացն առաջ մղելու համար համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների համատեղ քայլերը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային հրատապ մի շարք խնդիրների: