Ով է սպառնացել սպանել Արթուր Սաքունցին, և ինչ է սպասվում նրան. քրեական գործ հարուցելու մասին որոշում է կայացվել
Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը հաղորդում էր տվել ՀՀ գլխավոր դատախազություն ֆեյսբուքյան իր էջում կատարված գրառման տակ սպառնալիք պարունակող մեկնաբանության փաստի հիման վրա:
Տեղեկացնենք, որ հունիսի 2-ին իրավապաշտպան Արթուր Սաքունցը քննադատական գրառում էր կատարել, որի տակ մի օգտատեր կոշտ սպառնալիքներ էր կատարել, որում մասնավորապես ասվում էր՝ «քեզ սպանելու եմ, քո նման «վահան մարտիրոսյանների» գլուխը կտրել է պետք…»: Սպառնալիքում նաև նկարագրվում էր, թե ինչպես է պատրաստվում սպանել, ինչ հեռավորությունից, և քանի միլիմետրանոց փամփուշտով: Հնչեցվել էր հասցեական մեղադրանք:
Դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին որոշումը կայացվել է հունիսի 12-ին, իսկ Արթուր Սաքունցին որպես տուժող ճանաչելու որոշումը կայացվել է հունիսի 13-ին: Դեպքի մասին հաղորդումը ներկայացվել է անցած երկուշաթբի օրը, իսկ Գլխավոր դատախազություն հասել է ուրբաթ օրը:
Դեպքի մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասներ ներկայացրեցին Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը, ՀՀ Գլխավոր դատախազության կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Անդրանիկ Հակոբյանը փոխանցեց, որ քրեական գործը պետք է ուղարկվի Քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի հավաստմամբ՝ տվյալ մարդը տիրապետում է զենքին, քանի որ սպառնալիքում շատ հստակ նշված է՝ 9 միլիմետրանոց փամփուշտով է սպանելու: Ըստ բանախոսի՝ օգտատերը կա՛մ Ոստիկանության մարմնի ներկայացուցիչ է, կա՛մ նա ունի ակնհայտ հովանավորություն նրանց կողմից:
«Վերջին շրջանում շատ ենք ականատես լինում նման գործողությունների, բայց իշխանության կողմից այդ զսպող դերակատարումը բացառապես չի իրականացվում: Անձը, որը հանդես է եկել նման գրառմամբ, ունի այն վստահությունը, որ ինքը պատասխանատվության չի ենթարկվի, իր կողմից հնչեցված ցանկացած սպառնալիք կմնա անպատիժ»,- ասաց Հայկուհի Հարությունյանը:
Վլադիմիր Հովհաննիսյանի խոսքով՝ այս գործը գտնվելու է Մարդու իրավունքների պաշտպանի մշտական հսկողության ներքո: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ, և իրավապահ մարմիններին հասցեագրվելու են համապատասխան հարցումներ: Նրանք հանդես են գալիս հստակ դիրքորոշմամբ, ըստ որի՝ խիստ քննադատության են ենթարկում նման երևույթի ցանկացած դրսևորում:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը համոզված է, որ տվյալ սպառնալիք կատարող անձն իշխանության հովանու տակ գործող ինչ-որ խմբավորման անդամ է:
«Թող ինձ ապացուցեն իշխանությունները, որ տվյալ սպառնալիքը եղել է հորիզոնական հարթության վրա. չեմ հավատում, որ տանը նստած ինչ-որ մեկին դուր չի եկել Սաքունցի գրածները, և նա այնքան պետականամետ է եղել, որ նման սպառնալիքներ է հնչեցրել: Սա հետագայում պաշտոն ստանալու համար լավ գրավական է: Կապացուցեն իրավապահ մարմինները՝ ո՞վ է տվյալ անձը, ի՞նչ դրդապատճառով է դա արել, ես ներողություն կխնդրեմ: Բայց համոզված եմ, որ որևէ ապացույց չի լինի, իսկ եթե հայտնաբերվի էլ ապացույց, լավագույն դեպքում՝ այդ անձը շատ ձևական պատիժ կկրի»:
Եթե պարզվի տվյալ անձի ինքնությունը, ապա քրեական պատասխանատվության կենթարկվի օրենքով նախատեսված 137 հոդվածի պատժի սահմաններում: Իսկ 137 հոդվածում մասնավորապես ասվում է՝ «սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել՝ պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:
Անի Թորոսյան