
Թուրքիայի շուրջ 400 քաղաքացի փախել է Հունաստան

Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո Հունաստան է փախել Թուրքիայի շուրջ 400 քաղաքացի: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:
Հունական Kathimerini պարբերականի տվյալներով ՝ 2016 թվականի հուլիսի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը Հունաստան է փախել Թուրքիայի 153 քաղաքացի: Արդեն 2017 թվականի սկզբից շուրջ 240 քաղաքացի ապօրինի կերպով հատել է թուրք-հունական սահմանն ու հայտնվել Հունաստանում:
2016 թվականի հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ ռազմական հեղաշրջման փորձ էին ձեռնարկել Թուրքիայում: Խռովարարներն իրենց հսկողության տակ էին առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում և Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել էր:
Պաշտոնական Անկարան ռազմական հեղաշրջման ձախողված փորձի մեջ մեղադրում են չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով 1999 թվականից բնակվում է Միացյալ Նահանգներում: Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է իրենց արտահանձնել Գյուլենին:
Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը: