Ինչպե՞ս երեխայի մեջ սերմանել ազնվություն
Այս հոդվածում մի քանի ուղղորդիչ մեկնաբանությունների, խորհուրդների միջոցով կփորձենք պատասխանել այն հարցերին, թե ինչպե՞ս ստախոսության հակված երեխայի մեջ սերմանել ազնվություն և ի՞նչ քայլեր ձեռնարկել, որպեսզի երեխան գնահատի ճշտախոսությունը: Խորհուրդները ծնողի համար կարող են լինել ուղեցույց, որպեսզի վերը նշված հարցերին տրվի պրակտիկ և վարքային լուծում:
Երեխան պետք է ինքն ընտրի և հասկանա` ինչպես ստախոսության, այնպես էլ՝ ճշտախոսության արժեքն ու հետևանքները։ Դրա համար անհրաժեշտ է.
1. Հավատալ երեխային
Որպես կանոն՝ եթե երեխան զգա, որ իրեն հավատում են, նա նույն կերպ կպատասխանի մեծահասակին: Իսկ եթե որոշ դեպքերում նա սուտ է խոսում, ապա դա կարող է անել առանց հասկանալու և ոչ միտումնավոր, քանի որ երեխաները հակված են վառ երևակայության: Այնուամենայնիվ, երեխան պետք է զգալուց բացի՝ հստակ լսի և իմանա, որ իրեն հավատում են: Եթե ձեր երեխայի մոտ կան կռվարարության և ագրեսիվության դրսևորումներ, ապա երբեք մի նախատեք, կամ կանխավ զգուշացրեք, որ այս անգամ ևս կռվի մեջ չներքաշվի և չստանա նկատողություն: Այս կերպ դուք երեխային հրահրում եք դեպի այդ վարքը, նման վերաբերմունքը ստեղծում է վարքային ստերեոտիպ, թե նա, միևնույն է, կռվարար է: Եվ չունենալով ձեր կողմից հավատի և աջակցման ակնկալիք, վստահ եղեք, որ երեխան տուն գալով՝ ստելու է բակում կատարված միջադեպի մասին: Առավել խրախուսելի է ասել, որ իրեն ավելի հանգիստ և զուսպ պահի շրջապատում: Դուք ինքներդ եղեք նրա համար օրինակ: Խոստումը պահեք, իսկ եթե չի ստացվում իրականացնել, ապա բացատրեք պատճառը:
2. Բացատրեք, որ ամբողջ երկրագունդը, բոլոր մարդիկ ճշտախոսության գիտակցման հիման վրա են գոյատևում՝ ճշգրիտ գիտություն, ազնիվ խոստումներ՝ կնքված պետությունների միջև:
Փորձեք միասին պատկերացնել, իսկ եթե փոքր է, խաղի միջոցով իրավիճակներ ստեղծել, երբ ամեն տեղ ստախոսություն է տիրում: Մի բան ասում են, բայց վարքով այլ բան անում: Սկսում է աստիճանաբար քաոսային իրավիճակ ստեղծվել: Ոչ ոք ոչ մեկի չի կարողանում վստահել, հավատացած լինել, որ խոստումը կկատարի: Արդյունքում, իրար չվստահելով՝ մարդիկ դառնում են միայնակ՝ չեն ունենում հարազատներ, ընկերներ, որոնց խոսքին կարող են հավատալ:
3. Մի ստեղծեք ստելու հնարավորություն: Երեխային մի տվեք երկիմաստ պատասխաններ:
Խիստ պատիժները, պահանջները՝ ուղղված երեխային, ահազանգ է, որ ծնողն իրազեկված չէ երեխայի տարիքային առանձնահատկությունների, ճգնաժամային փուլերի, երեխայի բնավորության մասին: Եթե կա նման ճնշում, ապա վստահ եղեք, որ երեխան պատժից խուսափելու և ծնողին գոհացնելու համար՝ անպայման ստելու և ասելու է այն, ինչ դուք եք ցանկանում լսել: Հետևաբար՝ եթե վստահ եք, որ երեխան կոտրել է ինչ-որ իր, մի հարցրեք՝ արդյոք նա՞ է կոտրել, այլ ուղղակի ասեք, որ դուք գիտեք, որ դա նա է կոտրել՝ չտալով ստելու հնարավորություն: Հետաքրքրվեք՝ ինչպե՞ս է դա պատահել, վստահ եղեք, որ իրեն չի վնասել: Հոգատար վերաբերմունքը՝ ուղղված դեպի երեխան, այլ ոչ թե՝ դեպի կոտրված իրը, երեխային դարձնում է ձեզ հոգեբանորեն ավելի մոտ և հարազատ:
4. Մի կազմակերպեք երեխայի անձը նսեմացնող հարցաքննություն
Եթե երեխան անմիջապես չի խոստովանում իր մեղքը, ապա անարդյունք է երեխային դեմ առ դեմ նստեցնել և կազմակերպել հարցաքնություն: Այդ դեպքում առաջանում է հակադրվելու մեխանիզմ, և նա ամեն մի հարցին տալու է բացասական պատասխան: Փորձեք երեխային բացատրել, թե ինչ վատ և անելանելի վիճակ է ստեղծում նրա քայլը, թե ինչ հետևանքներ կարող են լինել, թե նման քայլն ինչպես է ազդում մարդու հեղինակության վրա: Իսկ եթե լիովին վստահ չեք, որ երեխան նման բան է արել, ուղղակի ասեք, որ հավատում եք նրան, բայց եթե հակառակը պարզվի, ապա դուք շատ կտխրեք:
5. Խրախուսեք ազնվությունը
Եթե երեխան խոստովանել է, ապա ցույց տվեք ձեր ուրախությունը՝ գնահատելով նրան: Ասեք, որ շատ ուրախ եք, քանի որ նա ազնիվ մարդ է մեծանում, և դա ձեզ համար մեծ հպարտություն է: Սակայն, եթե նրա կատարած արարքը թողնեք անպատիժ, ապա նա չի հասկանա, որ վատ բան է արել: Խորհուրդ է տրվում նման իրավիճակում պատժի փոխարեն՝ ասել, որ այս անգամ նրան հնարավորություն եք տալիս ուղղվելու, և, որ նրա արարքը շատ վշտացնող է, սակայն դուք վստահ եք, որ նա նման բան էլ չի անի:
6. Եղեք ազնիվ մարդու օրինակ
Ձեր առօրյան, վարքը պետք է լցված լինի ճիշտ քայլերով: Մի ստեք դիմացինին, մանավանդ, եթե ձեր երեխան ականատես է: Այդ ամենը նա կընդունի՝ որպես ճիշտ վարք, ճիշտ ապրելաձև, և մի գեղեցիկ օր կսկսի ձեզ խաբել՝ բավարարելով իր պահանջմունքը:
Ընտանիքը հզոր սոցիալականացման համակարգ է: Առաջին միջավայրը, որը երեխային հրամցնում է սոցիալական, արժեքային նորմեր: Երբեք մի զարմացեք, եթե ձեր երեխան վատ արարքներ է անում, ագրեսիվ է, ստում է: Մինչ երեխայի վրա բարկանալը՝ մի պահ վերլուծեք ձեր կյանքը և առօրյան: Հնարավոր է՝ պատճառը գտնեք այնտեղ, այլ ոչ թե փոքրիկի մեջ, ով կյանքի փորձ չունենալով՝ վերցնում է այն, ինչ տալիս են: