Բաժիններ՝

Արմեն Թութունջյանն իր գործի նվիրյալն էր. Երևանում տեղի ունեցավ Չիկոյի հոգեհանգստի արարողությունը

Ջազային երաժիշտ, թմբկահար, «Չիկոն և ընկերները» ջազային խմբի գեղարվեստական ղեկավար, հեռուստահաղորդավար Արմեն Թութունջյանի հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ հունիսի 10­-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

«1985 թվականից հինգ կամ վեց տարի Արմեն Թութունջյանի հետ աշխատել ենք Կոնստանտին Օրբելյանի նվագախմբում: Նա մեծ ներդրում ունի հայկական ջազի զարգացման գործում: Մեծագույն արժեք է նրա ստեղծած ջազի հանրագիտարանը»,-­ «Արմենպրես»­-ի թղթակցի հետ զրույցում նշեց երգիչ, դերասան, թմբկահար Արամոն:

Նրա խոսքով` Չիկոն ուներ բարձր ինտելեկտուալ մակարդակ, հումորի զգացում, հիանալի մանկավարժ էր, ընկեր, ընտանիքի հայր և իր գործի նվիրյալը: «Բազմաթիվ թմբկահարներ են թրծվել և լավ երաժիշտներ դարձել Թութունջյանի շնորհիվ: Ցավում եմ, որ նա այլևս մեր կողքին չէ»,- եզրափակեց Արամոն:

«Կորցրեցի ընկերոջ, որի հետ 60­-ական թվականներին ջազային շարժումն ենք սկսել Հայաստանում: Նա խմբի թմբկահարն էր, Արթուր Աբրահամյանը` կոնտրաբասը, իսկ ես դաշնակահարն էի: Խումբը բավականին երկար ապրեց և բազմաթիվ վայրերում հյուրախաղեր ունեցավ: Արմեն Թութունջյանը մինչև վերջ նվիրված էր ջազին և դրա ապացույցը նրա գրքերն են: Հուսամ, որ Չիկոյի «Ջազ»-­ը նաև հայերեն կթարգմանվի»,-ասաց ջազմեն, կոմպոզիտոր Լևոն Մալխասյանը և հավելեց, որ ինքը շատ է ցավում իր ընկերոջ կորստի համար:

Ջազային երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանի նախաձեռնությամբ մի խումբ երաժիշտներ հունիսի 10­ին և 11­ին Արմեն Թութունջյանին հրաժեշտ կտան համերգային ծրագրով:

«Գուցե խենթ գաղափար է, սակայն մենք ցանկանում ենք նրան ճանապարհել այն երաժշտությամբ, որին Չիկոն նվիրել էր իր ողջ կյանքը: Նա դրական, հումորով, պարզ ու հիանալի մարդ էր, իր գործի ջատագովը և միայն իր գոյությամբ Թութունջյանը մեզ շատ բան էր տալիս»,­- եզրափակեց Հայրապետյանը:

Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանն ընդգծեց, որ ինքն առիթ է ունեցել 60­-ական թվականներին նվագել Արմեն Թութունջյանի հետ:

«Հիանալի երաժիշտ էր: Եթե ասում էինք ջազմեն, մտածում էինք նրա և Լևոն Մալխասյանի մասին: Չիկոն իր գրքով, հաղորդումներով կրթեց երիտասարդներին, հնարավորություն տվեց նրանց ճանաչել և սիրել ջազը: Ցավում եմ, որ նա այլևս մեր կողքին չէ»,- ­նշեց Սարգսյանը:

Հոգեհանգստի արարողությանը ներկա էին բազմաթիվ երաժիշտներ, դերասաններ, արվեստի այլ ոլոտների ներկայացուցիչներ, Արմեն Թութունջյանի հարազատները և այլք:

Վերջին հրաժեշտը տեղի կունենա հունիսի 11­-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս