Նիգերը հետ է կանչել Կատարում իր դեսպանին
Նիգերի Հանրապետությունը հայտնել է Կատարից իր դեսպանին հետ կանչելու մասին՝ ի նշան համերաշխության արաբական այն երկրների հետ, որոնք հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հունիսի 5-ին Բահրեյնը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Եմենը, Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, Մալդիվյան Հանրապետությունը և Մավրիկայի Հանրապետությունը հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Երկրները կատարվածը մեկնաբանել էին նրանով, թե Կատարն աջակցում է ահաբեկչությանը և ծայրահեղական գաղափարախոսությանը, ինչպես նաև միջամտում է արաբական պետությունների գործերին: Ավելի ուշ այդ երկրներին են միացել Մավրիտանիան և Կոմորյան կղզիները, իսկ Հորդանանն իջեցրել է Կատարում դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը:
Հունիսի 7-ին Կատարից իր դեսպանին հետ կանչելու մասին է հայտարարել Սենեգալը: