«Կոռուպցիան է Հայաստանը ղեկավարում». Ավետիք Իշխանյան
Հունիսի 9-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում պատգամավորների ձայների բացարձակ մեծամասնությամբ՝ 86 կողմ, ընդունվեց «Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի մասին» օրինագիծը, ինչը ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ պարզապես հիմարություն է: Նրա խոսքով՝ Ազգային ժողովը պետք է օրենքներ ընդունի ՀՀ քաղաքացիների կյանքը կարգավորելու համար, այնինչ զբաղված է «անմտությամբ»:
«Պետությունը հենց նրա համար է, որ կոռուպցիա չլինի, իսկ եթե մեզ մոտ այդպես չէ, ապա հարկավոր է հայտարարել, որ սնանկ է մեր պետության իրավական համակարգը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազատ Արշակյանը:
Ասուլիսի մյուս բանախոսի՝ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի խոսքով՝ Հայաստանում ամբողջ համակարգն է ղեկավարում կոռուպցիան: Հայաստանում ողջ համակարգը գտնվում է մի բրգաձև կառույցում. ՀՀ նախագահը նշանակում է վարչապետ, նախարարներ: Ոստիկանությունը, Ազգային անվտանգությունը, քննչական ծառայություններն ուղիղ ենթարկվում են նախագահին: Դատավորներին նշանակում է նախագահը:
«Այս պայմաններում պայքար կոռուպցիայի դե՞մ: Ինչի՞ համար»,- ասաց բանախոսը:
Ավետիք Իշխանյանի հավաստմամբ՝ սա արվում է միայն միջազգային հանրության համար, քանի որ Հայաստանը, լինելով կոռումպացված, աղքատ երկիր, ներդրումներ չի անում, նրան անընդհատ պետք է բյուջետային աջակցություն. «Բյուջետային աջակցության համար Եվրամիությունը պահանջներ է դնում՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Մեր իշխանություններն էլ լուրջ դեմքով ասում են՝ այո՛, հիմա կստեղծենք հանձնաժողով և կսկսենք պայքարել: Կոռուպցիոները ստեղծի հանձնաժողով և սկսի պայքարել իր դե՞մ»:
Ազատ Արշակյանի խոսքով՝ կոռուպցիայի դեմ իշխանությունը պետք է պայքարի, ոչ թե Ազգային ժողովի պատգամավորները: Ըստ նրա՝ գոյություն ունի Ազգային անվտանգության ծառայություն, Ոստիկանություն, Դատախազություն, դրանք հենց կոռուպցիայի դեմ պայքարելու համար են կոչված, եթե կոռուպցիան չլինի՝ մյուսներն էլ չեն լինի:
«Կարևոր է, որ լինի իշխանության տարանջատում, լինի անկախ դատաիրավական համակարգ, մեզ մոտ չկա դա: Եթե մեզ մոտ սկզբունքներ լինեին, եթե ունենայինք պաշտոնյաներ, որոնք կոռուպցիայի մեջ թաղված չլինեին, մենք կունենայինք հրաժարականներ: Բայց մեզ մոտ չկա հրաժարականի ինստիտուտը, որովհետև բոլորը խոցելի են, բոլորը կոռուպցիայի մեջ են, կոռուպցիան է Հայաստանը ղեկավարում՝ և՛ գործադիր իշխանությունը, և՛ դատաիրավական ամբողջ համակարգը»,- հավելեց Ավետիք Իշխանյանը:
Անի Թորոսյան