Բաժիններ՝

ՀՀ կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ համաշարհային ՏՏ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Մեկնարկել է 10-րդ հոբելյանական «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը, որն ունի «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը: «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը նշում է, որ «ԴիջիԹեք» բիզնես ֆորումն արդյունավետ հարթակ է, որտեղ հանդիպում են Տեղեկատվական Տեխնոլոգիաների  (ՏՏ) ոլորտի, բիզնեսի այլ ճյուղերի և կառավարության ներկայացուցիչներն ու համագործակցության հիմքեր ստեղծում բիզնեսի առաջխաղացման համար.  «Միաժամանակ այս ֆորումի ընթացքում ՏՏ ընկերությունները ներկայացնում են իրենց պոտենցիալն ու ստեղծած լուծումները»:

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը ողջունեց միջոցառման հյուրերին և ներկայացրեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ողջույնի խոսքը: Վարչապետի ուղերձում մասնավորապես նշվում է. «Չափազանց մեծ է «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի դերը, որը 2008 թ.-ից ի վեր հիանալի հարթակ է ՏՏ ընկերությունների համար՝ մասնակցելու Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Այս տարի ևս ակնկալվում է այստեղ գտնել «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար»:

Վարչապետը նաև կարևորել է Հայաստանում ՏՏ համաշխարհային համաժողովի մեկնարկը և նշել, որ սա մեծ հաջողություն է Հայաստանի համար՝ երկրի տեխնոլոգիական ապրանքանիշի առաջխաղացման և Հայաստանն աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա դիրքավորելու առումով:

«Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը բիզնես ֆորումում ներգրավված է՝ որպես գործընկեր: «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացչության տնօրեն Լիանա Կորկոտյանի խոսքով՝ «Մայքրոսոֆթ» ընկերությունը, որի կողմից ներկայացվող ծառայությունները հիմնված են ամպային տեխնոլոգիաների վրա՝ առաջարկելով բիզնեսին առավել ճկուն և մատչելի ծառայություններ, ֆորումի շրջանակում ակնկալում է գտնել համագործակցության նոր հնարավորություններ: Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ հունիսի 9-10-ը անցկացվող 10-րդ հոբելյանական «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը, ՏՀՏ ոլորտի թեմատիկ մի շարք քննարկումներից բացի, կունենա նաև 2019 թ. Երևանում WITSA-ի կողմից կազմակերպվող ՏՏ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies – WCIT) նախապատրաստական աշխատանքների մեկնարկին նվիրված ներկայացումներ. կներկայացվի բրենդինգն ու ընդհանուր հայեցակարգը, որը մշակվել է ԻՏՁՄ-ի կողմից:

Այս առիթով հատուկ Հայաստան ժամանած Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance – WITSA) նախագահ Իվոն Չիուն տեղեկացնում է, որ ՏՏ համաշխարհային համաժողովն այս տարի կանցկացվի Թայվանում, 2018-ին՝ Հնդկաստանում, իսկ Հայաստանն այն կհյուրընկալի 2019-ին՝  հոկտեմբերի 3-6-ը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի գլխավոր քարտուղար Ջեյմս Պոյզանթը շնորհավորեց ներկաներին՝ համաշխարհային համաժողովը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը ձեռք բերելու համար: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ տեղի ունեցած հանդիպման շրջանակում վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ համաշարհային ՏՏ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Բացի այդ, հանդիպման ժամանակ նշվել է, որ ասիական երկրներում ՏՏ զարգացումների մասին հետազոտություն է անցկացվում WITSA-ի կողմից, որը հիմք է հանդիսանալու համաժողովի պատշաճ կազմակերպման համար: WITSA ներկայացուցիչները նշել են, որ հետազոտության արդյունքները կտրամադրեն նաև ՀՀ կառավարությանը:

Հիշեցնենք, որ WCIT-ը WITSA-ի կողմից անցկացվում է 1978 թ.-ից: Համաշխարհային համաժողովին մասնակցում են ՏՏ ոլորտի պետական հատվածի բարձրաստիճան պաշտոնյաներ, վերազգային կազմակերպությունների, համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների ղեկավարներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ: Դեռևս 2014 թ. ԻՏՁՄ-ն Մեքսիկայում անցկացվող WCIT 2014-ի շրջանակում մասնակցության հայտ է ներկայացրել և ստանձնել 2019-ին ՏՏ համաշխարհային համաժողովը Հայաստանում անցկացնելու իրավունքը: Իսկ 2015 թ. ՀՀ կառավարության հետ համատեղ ստորագրվել է համապատասխան համաձայնագիր: 2019-ին համաժողովի շրջանակում Հայաստան կժամանեն միջազգային առաջատար ընկերությունների 2000-ից ավելի ներկայացուցիչներ: Նշենք, որ «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը 2008թ.-ից իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից, ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Այս տարի բիզնես ֆորումի գործընկերն է Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս